Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան ցուցումներ

Ապրիլ 03,2015 16:16

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները: Զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարցերի ու առաջիկա անելիքների քննարկմանն էր նվիրված ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը:

Բացելով խորհրդակցությունը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:

Խորհրդակցության ընթացքում ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014թ. մարտի 1-ից մինչ այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ: Բանախոսները հանգամանալից անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին, այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ և պլանային միջոցառումներին, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն անցկացված հանկարծակի ստուգումներին: Առաջարկություններ են ներկայացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների, զինծառայողների և կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավման վերաբերյալ

Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈՒ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին ի մի բերելով արծարծված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման և զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

ՊՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930