Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. Մեր ռազմի դաշտը հիմա տնտեսությունն է 

Ապրիլ 03,2015 15:49

«Եթե տնտեսությունը մեծ արագությամբ թռիչք չարձանագրի`եթե մի քանի տարում տնտեսության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի արդյունքը մի քանի անգամ չավելանա, ոչ կոռուպցիայի հարցն է լուծվելու, ոչ արտագաղթի»,- այսօր «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի կազմակերպած քննարկմանը մասնակցում էին 45 հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ: «Մենք հաղթեցինք արյունով, ռազմի դաշտում: Հիմա` սա է ռազմաճակատը, տնտեսությունն է, եթե մենք այստեղ պարտվենք, մեր նախորդ հաղթանակները չեղյալ կարելի է համարել»,- շարունակեց Վազգեն Մանուկյանը`նկատելով որ ներկայիս աշխարհում, տնտեսության մեջ, շատ արագ տեմպ է գնում, բայց Հայաստանում այդ տեմպը նա չի զգում. «Առոք-փառոք կյանքով ենք ապրում. Կան չքավորներ, որոնք դժգոհ են եւ Հայաստանից գնում են, կան ունեւորներ, որոնց մի մասը ռեստորաններում զվարճանում է: Մի քանի տարի առաջ Սինգապուրում էի, իջա ներքեւի սրահը, սրահը լցված էր երիտասարդներով, որոնք ոչ թե շամպայն էին խմում, այլ համակարգիչներով նստած աշխատում էին: Քաղաքով ման էիր գալիս ու զգում էիր, որ այդ քաղաքն ապրում է տնտեսությամբ: Երեւանում այդպես չի, բայց մեզ համար դա շատ ավելի կարեւոր է: Չեմ կարծում, որ դա ժողովրդից է գալիս, մեր ժողովուրդը աշխատասեր է, ձեռներեց: Երեւի կան ներքին խոչընդոտներ, որոնք ուզում ենք քննարկել ու հասկանալ`որո՞նք են դրանք»:

Vazgen_Manukyan-2

Հայաստանում տնտեսության զարգացման համար ՀՀ նախկին վարչապետի համոզմամբ, պետք է լինի հստակ ճանապարհ, գրված ու չգրված խաղի կանոններ, ու բոլորի մոտ ներքին համոզմունք պիտի լինի, որ այդ խաղի կանոնները երկարատեւ են, բոլորի համար են: Այս համատեքստում բերեց Չինաստանի, օրինակը, որը կոմունիստական մոդելի վրա զարգացրեց ազատական տնտեսություն, ԱՄՆ-ի, որի տնտեսությունը լիբերալ ուղղությամբ զարգացավ, Սինգապուրինը`բռնապետության վրա զարգացավ եւ այլ: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ այդ երկրներից յուրաքանչյուրի ընտրած մոդելը հենց այդ երկրի համար է, այլ երկրներում կիրառելի չէ: «Հայաստանն ի՞նչ ճանապարհով է գնում»,- Վազդեն Մանուկյանի հնչեցրած հարցին, քննարկմանը մասնակցող տնօրեններից մեկն արձագանքեց. «Ոչ մի»: Վազգեն Մանուկյանը չհամաձայնեց`նկատելով, որ Հայաստանն անկախություն ստանալով հռչակեց, որ գնում է լիբերալ ճանապարհով:

Գրվեցին օրենքներ, որոնց չգրված օրենքները չեղյալ էին անում: Հայաստանի ներկայիս տնտեսության մեջ, ըստ Վազգեն Մանուկյանի, այժմ կան տեղեր, որ ազատ մրցակցություն է, օրինակ, տեղեկատվական ոլորտում, բայց կան ոլորտներ, որտեղ լրիվ մոնոպոլիա է, կան ռազմաֆեոդալական ճյուղեր էլ: «Ներկա պահին գործող օրենքներն ու պրակտիկան հակասում են մեր պետության զարգացմանը»,- ասաց նա`հավելելով, որ իրենց երեք հարցի պատասխան է հուզում`ո՞ր ճանապարհն է ճիշտ Հայաստանի համար, ի՞նչ գրված օրենքներ եւ չգրված խոչընդոտներ կան մեր տնտեսության զարգացման համար:
Այսօրինակ քննարկումները շարունակական են լինելու, դրանց վերջնարդյունքները ներկայացվելու են ՀՀ վարչապետին ու նախագահին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930