Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի վերածելը եւ այն Մայր Աթոռի ենթակայության տակ անցնելը կրքեր է բորբոքել, մասնավորապես Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, թե այդ քայլով Հայաստանը մեծ քայլերով հետ է գնում դեպի խորը միջնադար: Կարծիքներ են հնչել, որ կատարվածը նաեւ Սահմանադրության խախտում է, քանի որ Սահմանադրությամբ՝ պետությունը եկեղեցուց բաժանված է, «Կրթության մասին» ՀՀ օրենքում էլ ամրագրված է՝ Հայասստանում կրթությունը աշխարհիկ բնույթի է:
Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թիվ 182 ավագ դպրոցի թնջուկը՝ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց. «Թիվ 182 ավագ դպրոցն ունի հումանիտար եւ բնագիտական ուսուցում: Այսօր այն վերակազմակերպվում է, եւ ոչ թե կառավարման խորհուրդն է ղեկավարում դպրոցը, այլ հիմնադրամը: Հիմնադրամում կան մանկավարժներ, ծնողներ, ԿԳ նախարարությունից ներկայացուցիչ, որը ես եմ, նաեւ Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն սրբազան Նավասարդյանը եւ այլ աշխատակիցներ: Հիմնադրամը ոչնչով չի փոխում դպրոցի բովանդակությունը, ուղղակի դառնում է աջակից դպրոցի հումանիտար հոսքը ավելի նպատակային դարձնելու համար: Դպրոցն աշխատում է մեր ուսումնական պլանով ու բովանդակությամբ, թեեւ կարող են երաշխավորված առարկաներ ներդնել դպրոց, ինչպես գրաբարը, արեւմտահայերենը, հայոց լեզուն, հայոց լեզվի պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը եւ այլն: Այսինքն արվելու է մի բան, որ առանց հիմնադրամ դառնալու շատ հումանիտար դպրոցներ անում են, ուղղակի այս պարագայում այդ հիմնադրամի պատասխանատվությունը ավելանում է, մանավանդ հումանիտար հոսքը ուժեղացնելու խնդիր ունենք: Նշեմ, որ
բացարձակ Սահմանադրության խախտում տեղի չի ունեցել, դա շարունակում է լինել մեր ավագ դպրոցը: Ի դեպ, դպրոցները ՊՈԱԿ-ներ են, կարող են լինել նաեւ հիմնադրամներ ինչպես «Ծաղկունքը», «Այբը»: Մի խոսքով, կրթական հաստատությունը կարող է կառավարման տարբեր ձեւերով հանդես գալ»:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը օրինակներ բերեց. «Ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցը, բժշկական համալսարանի ավագ դպրոցը, նրանք իրենց ուղղություններով են աջակցում ավագ դպրոցներին, հումանիտար ուղղությամբ էլ Մայր աթոռն է աջակցում Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցին, ավելին՝ բարելավելու է շենքի պայմանները, նյութական բազան: Ուզում ենք ամեն ավագ դպրոցի համար աջակիցներ գտնել, եւ դրանում ոչ մի վատ բան չկա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` www.panarmenian.net-ի