Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Ամենատպավորիչը ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների հետ գոտեմարտերն էին»

Ապրիլ 03,2015 15:27

Այսօր ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը հանդիպեցին լրատվամիջոցների հետ: Նրանք ամփոփեցին օրերս Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում մեր ըմբիշների մրցելույթների արդյունքները:

Արայիկ Բաղդադյանը նշեց, որ ինքն ընդհանուր առմամբ գոհ է տղաների մասնակցությունից, թեեւ չի կարող ասել, թե ամեն բան գերազանց էր. սպասելիքներն ավելի մեծ են եղել: Մասնագետը առանձին-առանձին խոսեց առաջնությունում հանդես եկած ըմբիշների մրցելույթների մասին, վերլուծեց նրանց գոտեմարտերը: Արայիկ Բաղդադյանը գովասանքի խոսքեր ասաց հատկապես այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջին չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանի եւ արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանի մասին: «Մինչեւ Եվրոպայի առաջնությունը Վոլոդյան Մինսկում մասնակցել էր Մեդվեդի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն ավելի տիտղոսակիր եւ ուժեղ էին՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Լեհաստանում էլ մեր ըմբիշը լավ մասնակցեց՝ անցկացնելով չորս գոտեմարտ: Բոլորում էլ վստահ հաղթելով՝ նա նվաճեց ոսկե մեդալը: Մրցակցային առումով ինձ համար ամենատպավորիչը ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների հետ գոտեմարտերն էին՝ երկուսն էլ՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր մարզիկներ էին: Թուրք ըմբիշն անցած տարի աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել էր Վոլոդյային: Բայց այս անգամ Ֆրանգուլյանը նրան ոչ մի շանս չտվեց՝ հաղթելով ոչ միայն նրան, այլեւ մրցավարներին: Իսկ դրանից հետո՝ արդեն եզրափակչում, նա վստահ պարտության մատնեց ուկրաինացուն եւ նվաճեց չեմպիոնի կոչումը», – ասաց պարոն Բաղդադյանը:

Անդրադառնալով 74 կգ քաշային կարգում արծաթի արժանացած Գրիգոր Գրիգորյանին՝ մարզիչը ասաց. «Գրիգորը 2:1 եւ 3:1 հաշիվներով տարավ երեք հաղթանակ: Դա նշանակում է, որ բոլոր մրցակիցներն էլ շատ ուժեղ էին ու մինչեւ վերջ պայքարում էին նրա հետ: Եզրափակիչը, երեւի, բոլորդ էլ նայել եք: Այնտեղ էլ հաղթելու հնարավորությունը կար: Գրիգորը հավասար միավորներով՝ 1:1, զիջեց վրացուն՝ նկատողության պատճառով: Իրականում նա լիովին ի վիճակի էր չեմպիոն դառնալ, բայց իր սեւ գործն արեց Բելառուսում հավաքի վերջին օրն ստացած թաթի լուրջ վնասվածքը, որի պատճառով վերադարձավ Երեւան՝ այն բուժելու: Եվրոպայի առաջնությանը նախորդած վերջին 12 օրը նա այստեղ՝ Երեւանում, համատեղում էր բուժումն ու մարզումները, որն ազդեց Լեհաստանում նրա արդյունքի վրա»,- եզրափակեց Արայիկ Բաղդադյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930