Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ, որ փող չեք ուզում». Սերժ Սարգսյանը՝ ինստիտուտի տնօրենին

Ապրիլ 03,2015 15:25

«Հայ գիտնականներն այսօր աշխարհում որոշակի տեղ են զբաղեցում, ընդունվում, ճանաչվում են, սակայն շատ դեպքերում տվյալ բացահայտման գործում առաջնային դեր ունեցող հայ գիտնականը հայտնվում է երկրորդական դերում»,- այսօր՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, իր մտահոգությունն արտահայտեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Մեր ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ Երկիր մոլորակը բնակեցնելու սկզբունքների վերաբերյալ գիտության մեջ եղած պատկերացումները փոխվում են: Համաշխարհային գիտության մեջ այն տեսակետն է գերիշխող, որ վաղ հոմոսափիենսը Երկիր մոլորակում տարածվել է Աֆրիկայից, մինչդեռ Նոր Հաճնի մոտ գտնվող հուշարձանի պեղումները վկայում են, որ այն ձևավորվել է Հայաստանում ու ավելի վաղ տարիք ունի, քան Աֆրիկայում տարածվածը: Սակայն այս հետազոտության արդյունքներն արվել են դրսում, քանի որ Հայաստանում համապատասխան լաբորատորիա չկա: Արդյունքների մասին հոդվածներ են հրապարակել արտասահմանյան հաստատությունների ներկայացուցիչները. ստացվում է, որ աշխատանքի հիմնական մասն անողները՝ հայ գիտնականները, երկրորդական դերում են հայտնվում»,- ասաց Պավել Ավետիսյանը՝ ընդգծելով նախնական ուսումնասիրություններ անելու համար լաբորատորիա ունենալու անհրաժեշտությունը:

Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը նույնպես մասնակցում էր ժողովին, Պ. Ավետիսյանը խնդրեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համար առանձին շենք հատկացնել՝ լաբորատորիա ունենալու համար. «Մենք միայն շենք ենք ուզում, մնացածը դրամաշնորհների, միջազգային համագործակցության ծրագրերի միջոցով կապահովենք»,- ասաց Պ. Ավետիսյանը:

«Ձեր ինստիտուտը Գիտությունների ազգային ակադեմիայի անբաժան մասն է: Դիմեք Ակադեմիայի ղեկավարությանը: Կարող եք, օրինակ, Քանաքեռում քիմիայի նախկին ինստիտուտի շենքը վերցնել, այն պարապ է, չի գործում: Այլ շենքեր էլ կան: Ամենաշատ շենքեր Ակադեմիան ունի: Ես շատ շնորհակալ եմ, որ փող չեք ուզում, գնացեք շենքը վերցրեք»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

«Ուզում եմ ասել, որ դա արդեն պարտադրված պահանջ է՝ անկախ նրանից, թե որտեղ շենքը կտան»,- արձագանքեց Պ. Ավետիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930