Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հաստատվի, որ ուսուցչուհու հարվածից է երեխայի աչքը դուրս եկել, նա կպատժվի կամ տուգանքով, կամ մինչեւ մեկ ամիս կալանքով

Ապրիլ 03,2015 15:12

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում, ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհի Հասմիկ Անդրանիկի Մարգարյանի հարվածից հետո տասներեքամյա Մեսրոպ Կարենի Խաչատրյանի աչքը վնասվել է, նա կորցրել է իր տեսողությունն անդառնալի, նրա աչքը դուրս է եկել:

Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս գործի մանրամասները ներկայացրեցին երեխայի ներկայացուցիչ Վահե Եփրիկյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Բեջանյանը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, փաստաբանը ներգրավվել է գործի ավարտին, մինչդեռ ըստ նրա, արարքի որակումը սխալ է: Ռոբերտ Բեջանյանի գնահատմամբ, ուսուցչուհու գործողությունները որակել են քրեական օրենսգրքի՝ անզգուշաբար ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով, մինչդեռ, ըստ նրա մենք գործ ունենք դիտավորությամբ ծանր վնավածք հասցնելու հանցակազմի հետ:

Անզգույշը հաստատվելու դեպքում, ուսուցչուհուն սպառնում է մինչեւ երկու ամիս կալանք կամ երկու հարյուր հազար դրամի չափով տուգանք:

Aravot.am-ի հարցին, թե դեպքը, երբ տեղի է ունեցել, եւ երեխայի աչքը դուրս է եկել, ով է նրան բժշկական առաջին օգնությունը ցույց տվել, փաստաբանն ասաց, որ դեպքից անմիջապես հետո, երեխայի հորն են զանգել, նաեւ շտապ օգնություն, եւ երեխային տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց:

Ըստ փաստաբանի, ուսուցչուհու գործողություններում առկա էր նաեւ խուլիգանություն հանցակազմը, որը նախաքննության մարմինը չի տեսել: Երբ դասաժամին երեխան մրսելու հետ կապված գնացել է դեպի կախիչը, ուսուցչուհին գրատախտակի մոտից անմիջապես հասել է կախիչների մոտ, ասելով. «Կտամ, կմտնես պատի մեջ», ու հրել է, ըստ տուժող կողմի, երեխային, ինչի հետեւանքով, կախիչի ծայրը մտել է երեխայի աչքը:

Երեխայի մայրը՝ Էլմիրա Գեւորգյանը դիմել է նամակով հանրապետության նախագահին: Այն այսօր հանձնվելու էր նախագահի աշխատակազմին: Շարժառիթի հետ կապված մայրը գրել էր. «Այդ չարաբաստիկ օրը ֆիզիկայի ուսուցչուհին ութերորդ դասարանի աշակերտների ներկայությամբ, ցուցաբերելով հայ մանկավարժին ոչ վայել արարք, կիրառելով «տեր թոդիկի» մեթոդ, առանց թույլտվության տեղից վերկենալու համար որդուս՝ Մեսրոպին պատժելու նպատակով, դասասենյակի գրատախտակի մոտից ասել է. «Կտամ, կմտնես պատի մեջ» արտահայտությունն անելով, արագ քայլերով գնացել է դասասենյակի հակառակ մասում տեղադրված հագուստների համար նախատեսված կախիչի մոտ: Տեսնելով, որ որդիս գտնվում է կախիչի ետնամասում, ցանկանում է հագնել վերնազգեստը, իր հեղինակությունը դասարանի առաջ վերականգնելու նպատակով, երկաթյա կախիչը կոպտորեն հրել է տղայիս վրա, եւ այդ կախիչի կեռիկով հանել տղայիս ձախ աչքը, նրան զրկել է ձախ աչքի տեսողությունից, որի հետեւանքով տղաս մանկուց դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ՝ պատճառելով նրան ծանր վնաս»:

Aravot.am-ի հաջորդ հարցին, թե ուսուցչուհին պաշտոնավարե՞լ է, եւ արդյոք, տուժող կողմը նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն արե՞լ է, փաստաբանն ասաց, նա դասավանդել է, գնահատականներ է նշանակել այն երեխաներին, որոնք գործով վկաներ են: Դեպքից հետո տնօրենը ըստ տուժող կողմի, զինկոմի հետ միասին փորձել են «հովանավոր» կանգնել իրենց գործընկերոջը, ավելին, տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, որտեղ ասել է, թե գիտեք, որ ձեր ցուցմունքներով կարող եք վնասել դպրոցի բարի համբավը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ուսուցչուհու ամուսինը նախկինում ոստիկանության քննչականում է աշխատել, եւ աշխատել է մարզի ներկայիս դատախազի տեղակալ Պետրոսյանի հետ:

Ահա թե ինչու, իր նամակում տուժող երեխայի մայրը գրել էր. «Հասմիկ Մարգարյանը ոչ միայն չի զղջում իր կատարածի համար, ոչ միայն չի փորձել եւ փորձում աջակցել երեխայիս բուժման հարցերին, այլ ազատ շրջելով քաղաքում, ամենքին բացեիբաց հայտարարում է՝ ինքն անմեղ է, ում հետ պետք է, լուծել է իր հարցերը, մտածողը թող մտածի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ի դեպ, ուսուցչուհին երեխային տեսակցության է գնացել դեպքից մեկ շաբաթ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930