ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որ Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժին: Այստեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը»), 296 հոդվածի 1-ին մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը»), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Խոշոր չափերով կաշառք ստանալը» ) եւ 312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալը»): Չի բացառվում, որ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը վերջին հոդվածով ներգրավվի որպես մեղադրյալ :
Այս քրեական գործով առայժմ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: Սույն քրեական գործի հետ կապված՝ մի քանի դիտարկում: Ինչո՞ւ «փայտի բիզնեսմեն» Սամվել Ստեփանյանը կաշառքի մասին հայտարարություն է տվել (ինչը նշանակում է, որ նա այլեւս հազիվ թե կարողանա զբաղվել այդ գործով), եւ հայտարարությունը տվել է ոչ թե Տավուշի մարզի իրավապահներին, այլ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն:
2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2014թ.-ին հայտարարեց Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների դեմ խիստ պայքար: Անցյալ տարի հատված բազմաթիվ ծառերով բեռնված «Ուրալով»Սամվել Ստեփանյանը բազում անգամ ինչպե՞ս է հաղթահարել Տավուշի մարզի ավտոճանապարհները, այդպես էլ չհանդիպելով մարզի ոստիկաններին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ