Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարության նախագիծ ներկայացրեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին»: Նախագիծը տառացիորեն նույն համահայկական հռչակագիրն է, ոչ մի ստորակետի փոփոխություն չկա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք, բնականաբար, հռչակագրին դեմ չեն, բայց դեմ են «Xerox»-ին. «Եթե փոխում ենք, նշանակում է նսեմացնում ենք հռչակագիրը, իսկ եթե ինչպես կա, այնպես ընդունում ենք, ԱԺ-ին դարձնում ենք դակիչ, որը չեմ կարծում ճիշտ է ԱԺ հեղինակության համար: Ըստ էության, սա հայտարարություն է՝ հռչակագրին միանալու մասին: Այդ դեպքում էլ մարդիկ կարող են վեր կենալ ասել՝ միանում ենք վերապահումներով»:
Արմեն Ռուստամյանն առաջարկեց հայտարարության այլ տեքստ գրել:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց՝ «Ի՞նչ բարի գործ ենք անում սրանով, ի՞նչ նոր քար ենք ավելացնում»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ փաստաթղթերով հստակ դիրքորոշումներ չունենք: Փաստաթղթում հստակ կետեր կան, որոնք բավականին լուրջ են եւ պարտավորեցնում են պետական ինստիտուտներին քայլերի»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ Զարուհի Փոստանջյանն օգտագործել է ՀՀ զինանշանը. «ՀՀ գերբն է օգտագործված, որի իրավունքը չունեք: Մարդիկ էլ դրսում կնայեն գերբը ու կկարդան, որ ըհը, հայերը հողերը պլանավորել են միացնել իրենց»:
Զարուհի Փոստանջյանը միջամտեց. «Այո, դրանք մեր հողերն են, ուզում ենք»:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ «Ես էլ եմ ուզում Բաքվում չհանգստանամ: Բայց գերբն օգտագործելու իրավունք չունի պատգամավորը»:
Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Լավ եմ արել՝ օգտագործել եմ: Կարող եք դատի տալ ինձ, դա իմ իրավունքն է, ես օգտագործել եմ»:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ դեմ չի հայտարարության ընդունմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ