Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարության նախագիծ ներկայացրեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին»: Նախագիծը տառացիորեն նույն համահայկական հռչակագիրն է, որն ընդունվել է հունվարի 20-ին:
ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյան ասաց. «Տիկի՛ն Փոստանջյան, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, հանձնաժողովը ցեղասպանության հռչակագիրը կուղարկեր ԱԺ: Մենք ամեն անգամ ահռելի ժամանակ ենք վատնում՝ քաղաքական ռոմանտիկայի բնագավառի վրա: Եղբայր, համաշխարհային պրակտիկայում ես չեմ տեսել, որ հռչակագիրը երկրի օրենսդիր մարմինը կամ ճանաչի, կամ վավերացնի»:
Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ ինքն էլ իր պրակտիկայում չի լսել նման բան:
Ըստ Համլետ Հարությունյանի, «Ինձ համար, օրենսդրական տեսակետից անհասկանալի է՝ էս պատրաստի, խալխերի գրած հռչակագիրը Զարուհի Փոստանջյանը բերի, ասի՝ ճանաչեք: Դուք այդ հռչակագրի հետ որեւիցե կապ ունե՞ք: Խալխի հռչակագիրը դուք որպես ի՞նչ եք բերել՝ ուրիշների կազմած, ուրիշների ստեղծած փաստաթղթի հետ ի՞նչ առնչություն ունեք ընդհանրապես եւ ի՞նչ բարոյական իրավունքով եք այդ հռչակագիրը դրել թեւիդ տակ, բերել մեզ հրամցրել, որ ԱԺ-ն պիտի ճանաչի: Ընկերներ, որեւիցե մեկդ լսե՞լ եք նման բան: Բա ես էլ ասում եմ՝ ես հիվանդ մարդ եմ, օպերացիա եղած…»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը միանգամից օգնության ձեռք մեկնեց. «Շատ լավ բժիշկների շրջապատ ունեմ, լավագույն բժիշկներն են, կարող եմ օգնել ձեզ, դիմել բժիշկներին, եթե հիվանդ եք»:
Հարցին, թե ի՞նչ կապ ունի հռչակագրի հետ՝ Զարուհի Փոստանջյանը բացատրեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, ազգությամբ հայ: Այս հռչակագիրը համահունչ է իմ կրած արժեքային համակարգի հետ: Սա ինձ շատ հոգեհարազատ է, որի հետ ես կապ ունեմ, դուք էլ ունեք, ձեր երեխաներն էլ»:
Համլետ Հարությունյանի հարցին՝ բարոյական առումով հռչակագրի ճանաչումը ԱԺ-ի կողմից ինչի՞ն է պետք: Հռչակագիրը կասկածելի է, հա՞, ուրեմն ԱԺ-ն պետք է ճանաչի, որ իրավական ուժ ստանա՞:
Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Երբ երեխան ծնվում է, իրեն տրամադրում են անձնագիր, թե որ երկրի քաղաքացին է, ովքեր են իր ծնողները: Եթե այս փաստաթուղթը չի ընդունվում պետական մարմնի կողմից, չի ունենում անձնագրավորում, հասկանո՞ւմ եք»:
Փոստանջյանին հաջողվեց համոզել Համլետ Հարությունյանին. «Այ դա ուրիշ հարց է, այդպես էլ ասեիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ