Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը վիճեցին. «Ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չեք բերում ԱԺ»

Ապրիլ 03,2015 14:25

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարության նախագիծ ներկայացրեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին»: Նախագիծը տառացիորեն նույն համահայկական հռչակագիրն է, որն ընդունվել է հունվարի 20-ին:

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց. «Ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չեք բերում՝ որպես հայտարարության տեքստ: Ո՞նց եք ուրիշի գրվածը հայտարարություն բերում: Ամեն շաբաթ մեկը մի տեքստ կբերի, մեկը կասի՝ ինձ դուր է գալիս Վանո Սիրադեղյանի պատմվածքը եւ կբերի հանձնաժողով, սա նախադեպ կլինի»:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ մենք չունենք նման հռչակագիր, որն անցել է ԱԺ-ով. «Միացյալ Հայստանի փաստաթուղթ կա, որը մենք շուրջ 100 տարի առաջ ենք ունեցել: Սա համայն հայության կողմից ընդունված եզակի փաստաթուղթ է, ընդունել ենք պետականություն եւ պետական մարմնի՝ ԱԺ-ի կողմից եւս պետք է ընդունենք այս հռչակագիրը: Սա է հիմքը: Եթե բերում եք ինչ-որ զուգահեռներ եք փորձում անցկացնել, ես փաստաթղթերին վերաբերում եմ լրջորեն եւ գտնում եմ, որ փաստաթղթերը պետք է ընդունվեն պետական մարմնի կողմից»:

Ալեքսանդր Արզումանյանը խոստացավ հիմնավորել, թե ինչու է ինքը զարմացած եւ ինչու է դեմ դրան. «Փորձ է արվել միասնական տեսակետ ձեւավորել, որն ընդունել է մեր, համայն արցախահայության, Սփյուռքի հայության կողմից: Բերելով ԱԺ, դուք դա փոքրացնում եք եւ բերում եք արտաքին քաղաքականության դոկտրինի փոփոխություն, ինչը վտանգավոր է»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Այո, ժամանակը եկել է, որ արտաքին քաղաքականության դոկտրինը փոխվի: Ոչ թե ՀՀՇ-ական նախկինում ընդունված դոկտրինը, որը ազգային շահը չէր հետապնդում: Սա պետք է հիմք հանդիսանար մեր արտաքին քաղաքականության փոփոխության համար»:

Ալեքսանդր Արզումանյանը բարկացավ. «Պետք է նկատողություն անել, որպեսզի այլեւս թույլ չտան ձեզ որեւէ կուսակցության մասին ասել հակապետական, որեւէ մեկը քաղաքական ուժերից մյուսին չեն վիրավորում, խնդրում եմ մնաք դիվանագիտական պրոտոկոլի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930