Ճանապարհային ոստիկանությունը խնդիրները չի լուծում, որ բյուջե՞ լցնի
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը վտանգավոր է համարում ճանապարհների բաժանարար գոտիներում տեղադրված գովազդները, որոնք ոչ միայն շեղում են վարորդների ուշադրությունը, այլև վթարների պատճառ են դառնում: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, այդ վահանակները ստվերում են ճանապարհային երթեւեկության նշանները. «Նշանները այնպես պետք է դրվեն, որ վարորդները չուզենան էլ` տեսնեն դրանք, մինչդեռ դրանք չեն երեւում»:
Այսօր «Տեսակետ» ակումբում, վկայակոչելով արտերկրի փորձը, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ ճանապարհի կողնակից դուրս` 6 մետր հեռավորության վրա են այդ գովազդները տեղադրվում, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտի երթեւեկությանը եւ վարորդներին:
«Հիշեք քանի մարդ մահացավ երթեւեկելով, վթարից հետո մեքենան գլորվում եւ խփում էր գովազդի սյանը եւ մարդիկ մահանում էին: Մայրաքաղաքը հեղեղված է այդ սյուներով:
Կարդացեք նաև
Վարորդների պաշտպանը ճանապարհային ոստիկանության աշխատանքում թերացում է համարում, որ ավտոմեքենաների ժամանակավոր կանգառ կատարելու համար տեղեր նախատեսված չեն, իսկ այն վայրերում, որտեղ կանգնում են ասենք` ուղեւոր իջեցնելու` տուգանվում են 5000 դրամով. «Բնական է մի տեղ ուղեւորին պետք իջեցնի եւ 5000 դրամը պատրաստ է: Սա անելանելի վիճակ է: ՃՈ-ն ասում է, թող կանգնի այնտեղ, որտեղ թույլատրվում է, բայց այնտեղ թույլատրվող տեղ չկա: Ամենահետաքրքիրն այն է, որ ՃՈ-ն ոչ մի քայլ չի ուզում ձեռնարկի այդ հարցը լուծելու համար: Դուրս է գալիս, որ պատժիչ համակարգ է գործում, խնդիրը կա, որը ՃՈ-ն չի ուզում լուծել: ՃՈ-ն ի վերջո պատիժ է՞, թե ծառայություն իրականացնող կառույց: Եթե ծառայություն է, դե եկեք ծառայություն արեք, եւ ոչ թե տուգանքի վրա նստեք եւ ձեր բյուջեն դրանով ավելացրեք: Խնդիրը դրված է բյուջե լցնելու համար, սա ծառայություն է եւ թող ՃՈ-ն զբաղվի այդ հարցով ու լուծում տա»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, մի քանի առաջարկ արել են խնդրի լուծման համար, սակայն դրանց չեն արձագանքում:
«Մենք առաջարկել ենք, որ թույլատրեն կանգառ կատարել երկրորդ գոտում, բացի այդ, առաջարկվել է, որ ոչ թե դնեն կանգառ կատարելու արգելանքի նշանը, այլ կայանումը արգելվի, եթե հինգ րոպեից ավել տեւի այդ ընթացքը: ՃՈ-ն ասում է ամեն տեղ տեսուչներ դնե՞նք, որ այդ հինգ րոպեն փաստեն: Մենք էլ ասում ենք, որ քանի որ կա «կարմիր գծերի» ծառայություն, որոնք ամեն 15 րոպեն հետեւում են քաղաքացիներին եւ տուգանում են, թող այդ նույն պարտականությունները դրվի այդ սերվիզի վրա ու թող իրենք այդ հարցով զբաղվեն ու դնեն կայանում արգելող նշանը: Օպերայի կողքին մի հատված է տրված տաքսիներին, բայց միայն դրանով հարցը չի լուծվում, ովքեր են կայանում այդտեղ՝ խանութների տերերը, աշխատողները. ամբողջ այդ պետական մարմինները, կառավարությանը կից մարմինները զավթել են քաղաքի կենտրոնը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ