Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀ նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրի քննարկումից հետո պետք է կազմակերպվեր դրական եզրակացություն տալու համար քվեարկություն:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, տեսնելով, որ ՀՀԿ-ի պատգամավորներից ոմանք բացակայում են եւ քվեարկություն անցկացնելու դեպքում հնարավոր է տապալեն, որոշեց անցնել հաջորդ հարցի քննարկմանը, իսկ քվեարկություն անել ավելի ուշ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմացան՝ պնդելով, որ ընթացակարգը չխախտի եւ անմիջապես հարցը դնի քվեարկության:
«Դե ես գնամ, կսպասեք, մինչեւ ես գամ, նոր կքվեարկեք: Ընթացակարգ կա ԱԺ կանոնակարգով, հետեւեք դրան»,- հեգնեց Փաշինյանը:
Ընդդիմադիրներն այնքան պնդեցին, որ Արտակ Զաքարյանը հարցը դրեց քվեարկության եւ հենց այդ պահին քվեարկության «փրկիչը»՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ներս մտավ:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ի ձայներն էլի բավարար չէին լինի եւ նախագահի ներկայացրած համաձայնագիրը չէր արժանանա դրական եզրակացության, եթե օգնության չհասներ ԲՀԿ-ն: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քվեարկեց ձեռնպահ եւ արդյունքում արձանագրվեց 6 կողմ, 5 դեմ եւ 1 ձեռնպահ:
Այստեղ Ալեքսանդր Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյանը քննադատության սլաքներն ուղղեցին Էնֆիաջյանին: Ալեքսանդր Արզումանյանը նետեց. «Այլընտրանք են»: Փաշինյանն էլ ծաղրեց. «Այլընտրա՛նք չեն, ընդդիմություն են իրենք»: Վահե Էնֆիաջյանը բարկացավ. «Ձեր ձեւակերպումներում զո՛ւսպ եղեք»:
Նիկոլ Փաշինյանն էլ զիջեց. «Լավ, էլ չենք ասի ընդդիմություն, կասենք՝ իշխանություն»:
Հետո էլ ուշացած ներս մտավ ընդդիմությունից մեկ այլ պատգամավոր՝ Մհեր Շահգելդյանը: Փաշինյանը հարցրեց. «Պարոն Շահգելդյան, քվեարկությանն ինչի՞ չեկաք»: Մհեր Շահգելդյանն ասաց, որ իր տեսակետը կներկայացնի: «Քվեարկություն էր, գայիք քվեարկության, տեսակետը ո՞րն է»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեմ է նոր վարկին, քանի որ, ըստ նրա, արդյունքը չեն տեսնում. «Ինչով հետաքրքրվում ենք, կամ շինարարության փուլում է, կամ 5 տարի հետո կավարտվի, կամ՝ 10 տարի հետո: Ես 3 տարի աշխատում եմ այս հանձնաժողովում, բոլոր վարկային պայմանագրերը անցնում են եւ ոչ մի հաջողված վարկային պատմություն կառավարության ներկայացուցիչներից չենք լսել: Եթե գործող կառավարությունը կոռումպացված կառավարություն է, ես չեմ կարող որեւէ վարկային ծրագրի կողմ լինել կամ որեւէ կոպեկի ծախս վստահել այս կառավարությանը: Ինչպես նախկինում բոլոր վարկային համաձայնագրերին, այս վարկային համաձայնագրին էլ ես դեմ եմ քվեարկելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ