Հայաստանի քաղաքացի 44-ամյա Կարեն Հարությունյանը ոստիկանին կաշառելու համար պետք է 163.500 ռուբլի տուգանք վճարի: Նա փորձում էր գումարով ազատվել վարչական տույժից: Ufacitynews.ru-ի փոխանցմամբ՝ Հարությունյանը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբեր ամսին՝ հանրային վայրում հարբած գտնվելու համար:
Այդ արարքի համար նրան սպառնում էր 500-ից 1500 ռուբլի տուգանք, սակայն Հարությունյանը որոշել է ոստիկանին 4450 ռուբլի կաշառք տալով խուսափել վարչական արձանագրությունից: Իրավապահ մարմնի աշխատակիցը այդ մասին զեկուցել է ղեկավարությանը:
Բաշկորտոստանի Հանրապետության դատախազությունից հայտնել են, որ Կարեն Հարությունյանը ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Բացի խոշոր տուգանք վճարելուց, նա պետք է 10 ամիս անցկացնի քրեակատարողական հիմնարկում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ