Բարձր ռիսկի պատճառով բանկերը հրաժարվում են Փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկ տրամադրել՝ որպես գրավ տրվող շարժական գույքի դիմաց: Շատ դեպքերում ՓՄՁ-ները չունեն անհրաժեշտ գրավադրվող անշարժ գույք, իսկ շարժական գույքի դիմաց գրավ չի տրամադրվում մեր երկրում: Համաշխարհային բանկի փորձագետ Բրետ Կոլեմանը վստահեցնում է, որ Հայաստանին պետք է նոր օրենսդրություն, որը հնարավորություն կտա ձեռնարկություններին վարկ վերցնել շարժական գույքի գրավադրման դիմաց:
Շարժական գույքի գրավադրման դիմաց վարկավորում տրամադրելու մասին նոր մշակված հայեցակարգի ներդրումն այսօր քննարկվեց Երեւանում տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի կողմից իրականացվող «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» համաժողովի ժամանակ: Դրա արդյունքում Փոքր եւ միջին ձեռնարկատերերը հնարավորություն կունենան որպես վարկի ապահովման միջոց գրավադրել նաեւ շարժական գույքը՝ մեքենաները, բերքը, տարբեր տեսակի սարքավորումներ, կենդանիներին:
Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս նոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվող համակարգը էական ազդեցություն կունենա փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկի ծավալի մեծացման, տոկոսադրույքների, ինչպես նաեւ սպառողական ապրանքների համար տրամադրվող վարկերի պայմանների բարելավման վրա:
«Սա մեծ համակարգ է, որը հնարավորություն է տալիս շարժական գույքը, որպես ավելի ապահովված միջոց դիտարկել վարկավորումն իրականացնելու համար: Այն երկրներում, որտեղ նման համակարգի ներդրման փորձ կա՝ 30 տոկոսից ավելի սպառողական վարկավորման ծավալները մեծացել են»,-նկատում է զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, որ լինում են դեպքեր, որ հենց անշարժ գույքի դիմաց էլ գյուղացիները չեն կարողանում մարել վարկը, փոխնախագահը պատասխանեց, որ ներդրված համակարգը իր օգուտը կբերի հատկապես գյուղական տարածքներում, քանի որ հենց այնտեղ մեծ ծավալով շարժական գույք կա. «Համակարգը հնարավորություն է տալիս բազմատեսակ ապրանքատեսակներ որպես գրավի առարկա առաջադրել: Դրանք են կենդանիները, հաստոցները, հոսքագծերը, բույսերը»:
Սակայն համակարգը չի տալիս այն հարցերի լուծումը, որ օրինակ գրավադրումից հետո կենդանին կարող է սատկել, կամ սարքավորումը կարող է փչանալ: «Դա ֆինանսական ռեսուրսներ տրամադրող կազմակերպության պարտավորությունն է»,-վստահեցնում է Սեյրան Սարգսյանը:
Նշենք, որ նոր համակարգի ներդրման օրենսդրական փաթեթն Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի դեկտեմբեր ամսին:
Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի մեկից:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ