Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 03,2015 12:52

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քառասուներկուերորդ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մենք, փաստորեն, մեր հիշողությունը մշտապես մաքուր ու մաքրած ենք պահում  ամեն տեսակի բացիլներից ու բացիլակիրներից, եւ չնայած մենք ամեն րոպե ու ամեն վայրկյան ենք ճգնում մեր հիշողությունը մաքրել ավելորդություններից ու անցանկալի եղելություններից, ինչպես նաեւ՝ ավելորդ ու անցանկալի անձերից ու անձնավորություններից, այդուհանդերձ, անցանկալի եղելություններն ու անցանկալի մարդիկ միանգամայն անկոչ կերպով գալիս ու խցկվում են հիշողությանդ մեջ եւ, առանց քեզնից թույլտվություն հարցնելու, ծալք առ ծալք շուլալվում են հիշողությանդ, եւ դուք վկա եք, որ դա տեղի ունեցավ ինձ հետ՝ Չուգունի կապակցությամբ ու առիթով, ավելի ճիշտ՝ Պարկետչիկ Հրաչի կապակցությամբ ու առիթով, բայցեւ՝ Չուգունի միանգամայն ակտիվ մասնակցությամբ, եւ ինչքան էլ հիշողությանս մեջ Չուգունն անկոչ լիներ, եւ իր մասնակցությունն՝ անցանկալի, արդեն իրեն հիշել ու արդեն իր մասին հիշածս գրել եմ, եւ եթե նույնիսկ հիմա էդ հիշածս ջնջեմ ու պատռեմ, դրանից որեւէ բան չի փոխվի, որովհետեւ եղածն արդեն եղել է, եւ՝ ինչպես որ իմ ու մանավանդ Պարկետչիկ Հրաչի կյանքից չեմ կարող Չուգունին դուրս մղել, նույնպեսեւ հիշողությունիցս չեմ կարող էդ հոգավորին հանել ու  վանել՝ ոչ միայն էն պատճառով, որ արդեն  հիմնավոր ու վերջնականապես է հիշողությանս մեջ  խցկվել, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ առանձնապես ջանք էլ չեմ գործադրում էդ հոգավորին հիշողությունիցս վտարել, որովհետեւ ինքն իր հետ կապված էս ամեն-ամենով միջոց ու պատճառ է, որ Հովհաննեսին ու Պարկետչիկ Հրաչին ավելի հիմնավոր, ավելի մանրակրկիտ ու ավելի լուսավոր հիշեմ, որովհետեւ Չուգունի  կողքին Հովհաննեսը, Պարկետչիկն ու մյուսներս ավելի շահեկանորեն էինք երեւում ու ի հայտ գալիս, եւ հիմա՝ հիշողությանս մեջ էլ ենք Չուգունի ֆոնի վրա շահեկանորեն երեւում, եւ հիմա էս բաները մտածելով՝ սկսում եմ ենթադրել, որ եթե մեր կյանքում Չուգունի նմանները չլինեին, հնարավոր է՝ մյուսներս իրար չտեսնեինք ու չճանաչեինք, եւ, իսկապես, եթե մեր շարքերում Չուգունի նմանները չլինեին, շատ հնարավոր է՝ մյուսներս էս կյանքում իրար չնկատեինք էլ, եւ հիմա նաեւ մտածում եմ, որ եթե Չուգունի գոյությունն ու ներկայությունը  չլիներ, դժվար թե էսպես հեշտորեն ու թեթեւորեն ինձ մյուսներիդ շարքում դասեի, եւ եթե Չուգունը չլիներ, իր կողքի լույսերն էսքան հեռվից ու էսքան շռայլորեն չէին հեռարձակվի, ու հիմա  նաեւ մտածում եմ, որ Չուգունի նմանների գոյությունը չարի որոշ ու որոշակի իշխանությունն է երկրի վրա, եւ Չուգունի դեպքում էդ իշխանությունը հանդուրժելի եւ նույնիսկ զվարճալի էր, որովհետեւ մեր, ավելի ճիշտ՝ Հովհաննես Մելքոնյանի միջավայրում Չուգունն ակնհայտ ու չափազանց համոզիչ  պարտություն կրեց, եւ Չուգունի պարտության հարցում ալտերնատիվ գրողների միության դե ֆակտո  նախագահ Հովհաննես Մելքոնյանի դերն ու նշանակույթունը չափազանց մեծ էին, եւ Չուգունի պարտության հարցում ամենքս էլ մեր չափով դեր ու նշանակություն ունեինք, եւ Հովհաննեսից հետո հատկապես Պարկետչիկ Հրաչի նշանակությունն էր մեծ, որովհետեւ Չուգունի համոզիչ պարտության հիմնական պատճառը Պարկետչիկի բանաստեղծական տաղանդն էր, ինչպես նաեւ՝ Պարկետչիկի հեզությունն ու մարդկային այլ արժանիքները, որոնք  նույնիսկ Չուգունի համախոհների համար էին ընդունելի ու ընկալելի, եւ հիմա որ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ Չուգունի համոզիչ պարտության հարցում Պարկետչիկին նախանձող Չուգունի համախոհների նշանակույթունն ամենամեծն էր, որովհետեւ եթե իրենք չարի ու չարության համախոհը լինելով ու հանդիսանալով՝ չարին ու չարությանը թիկունք կանգնեին, չարը մենակ չէր մնա եւ մեկուսացման մեջ չէր հայտնվի, եւ Չուգունի համոզիչ պարտությունը հիշելով՝ հիմա նաեւ մտածում եմ, որ չնայած չարի  հաղթանակը երկրային մեր էս տարածքներում միանգամայն ընդունված եւ չափազանց հաճախ պատահող բան է, այդուհանդերձ, էդ հաղթանակը հնարավոր է միայն էն դեպքերում, երբ Բարին է հայտնվում մենության ու մեկուսացման մեջ, եւ չնայած Բարու հաղթանակը սովորաբար ու հիմնականում  հեքիաթներում պատահող բան է,  Չուգունի էդ միանգամայն համոզիչ պարտության փաստը  միանգամայն համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Բարու հաղթանակը երկրային կյանքում ու երկրային տարածքներում էլ է միանգամայն հնարավոր ու իրագործելի, եթե, իհարկե, դեպքերի ու դեմքերի բերումով  ոչ թե Բարին, այլ՝ ընդհակառակը, չարն է  մենության ու մեկուսացման մեջ հայտնվում, եւ չարը փոքրատառով եմ գրում, որովհետեւ չարերը սատանայի ժառանգներն ու համախոհներն են, եւ սատանան հիմնականում նրանց մեջ է հարմարավետ գոյատեւում, եւ Բարին միշտ եմ մեծատառով  գրել ու գրելու, որովհետեւ Բարին Աստված է, ինչպես նաեւ բոլոր նրանք՝ ում մեջ տեւականորեն բնակվում ու գոյատեւում է Աստված, եւ Աստված, բարեբախտաբար, շատերի մեջ է ժամանակ առ ժամանակ բնակվում, եւ եթե էդպես չլիներ, Բարին միմիայն հեքիաթներում կհաղթանակեր, եւ մինչ էս բաները գրում էի, ողջ աշխարհում եւ Հայոց աշխարհում նմանապես սկսվեց ու ավարտվեց երկու հազար տասներկու թվականի դեկտեմբերի քսանմեկը. այսինքն, մայաները սխալվեցին, եւ աշխարհի վերջը տեղի չունեցավ. այսինքն, վերստին չարը խափանվեց, եւ վերստին չարը փոքրատառով եմ գրում, որովհետեւ վերստին Բարին անխափան է, եւ չարը՝ խափանված:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել