Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման մասնակիցների թվում էր նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ:
-Մոտավոր հաշվարկներով Ռուսաստանի Դաշնությունում մեր երկրի քանի՞ քաղաքացի է, ինչպես դուք եք ասում, պատանդի կարգավիճակում հայտնվել:
-Ռուսական աղբյուրների համաձայն, իրենց երկրի տարածքում 173 հազար այդպիսի ՀՀ քաղաքացի կա:
-Բայց կան նաեւ ոչ քիչ թվով ՀՀ քաղաքացիներ, ովքեր վերադարձել են հայրենիք, սակայն տարբեր պատճառաբանություններով չեն կարողանում մեկնել Ռուսաստան:
Կարդացեք նաև
-Այո, կան նաեւ նման քաղաքացիներ, ովքեր վերադարձել են Հայաստան, եւ նրանց առջեւ, այսպես ասած, ամբողջ հասակով հառնել, սկսել է գործել Ռուսաստան մուտք չգործելու արգելանքը: Այդ քաղաքացիների խնդիրները լուծելու նպատակով մեր եւ Ռուսաստանի միջեւ հաստատվել է մի սխեմա, որով էլ փորձում ենք կարգավորել հարցը: Դա չափազանց աշխատատար, ծավալուն գործ է, որը մեր ծառայությունը հանձն է առել:
Նշեմ, օրինակ, որ յուրաքանչյուր քաղաքացու բացատրվում է հարցի էությունը, ներկայացվող համապատասխան փաստաթղթերի ցանկը, դիմումի ձեւը եւ այլն: Ընդ որում՝ այդ քաղաքացիների մեծ մասը չի էլ ընդունում, որ որեւէ խախտում է թույլ տվել: Իհարկե, խնդիրը տվյալ դեպքում ոչ թե մեր, այլ իրենց եւ ռուսական օրենսդրության միջեւ է: Մեկիկ-մեկիկ դիմումները հավաքվում են, եւ շաբաթական մեկ կամ երկու անգամ 150-200 դիմում փոստային ծառայության միջոցով ուղարկվում է Ռուսաստանի Դաշնություն:
Այդ երկիրն էլ շատ մեծ է, իսկ ցուցակի մեջ էլ կարող է լինել ՀՀ քաղաքացի, որը աշխատել ու խախտումը կատարել է, ասենք, հեռավոր Նովոսիբիրսկում: Եվ տարածքային ստորաբաժանումներում այդ ամենն ուսումնասիրելուց հետո պատասխան են ուղարկում Մոսկվա, որտեղ նույնպես գործերը քննարկում, ապա նոր միայն մեզ են ուղարկում իրենց առաջարկները, որոշումները յուրաքանչյուրի վերաբերյալ: Ելնելով տվյալ քաղաքացու թույլ տված խախտման լրջությունից, խստությունից` առաջարկում են կա՛մ վերացնել արգելանքը, կա՛մ, հակառակը, էլի թողնել ուժի մեջ: Եվ Մոսկվայից ամեն անգամ ստանում ենք համապատասխան որոշումները 100-150 հոգու վերաբերյալ:
Մենք էլ համապատասխան գրություններ ենք ուղարկում այդ քաղաքացիներին: Այս ամենը ներկայացնում եմ, որպեսզի համոզվեք, թե իրականում որքան աշխատատար, հսկայածավալ աշխատանք է, որը նաեւ որոշակի ժամանակ, ռեսուրսներ է պահանջում:
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում