Լրահոս
Օրվա լրահոսը

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր-ընկերների վեճով մեկի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի

Ապրիլ 03,2015 12:18

Մարտի 16-ին Երեւան քաղաքի դատախազի որոշմամբ վերացվել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին որոշումը:

Դատախազի նոր որոշմամբ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժին:

Ըստ դատախազ Արթուր Դավթյանի որոշման, պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի բաժնում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր, ներկայումս տաքսու վարորդ աշխատող Սամսոն Ղազարյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2011 թ. նոյեմբերի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի հօգուտ իրեն տասնյակ ՍՊ ընկերությունների բաժնետեր, գործարար Մեխակ Գաբրիելյանից պետք է բռնագանձվի 60 000 ԱՄՆ դոլար եւ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տոկոսները:

2011թ. նոյեմբերի 15-ին կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Մեխակ Գաբրիելյանին պատկանող մի շարք ՍՊ ընկերությունների , մասնավորապես, «Գիմասի» բաժնեմասի վրա, սակայն Մ. Գաբրիելյանը նշված ընկերությունը վաճառել է «Էտոնփրայմ» ՍՊ ընկերությանը: Այսինքն՝ արգելանքի տակ գտնվող գույքը վաճառվել է:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Մ.Գաբրիելյանը հայտնել է, թե տեղյակ չի եղել իր գույքի վրա իրականացված արգելանքի մասին, իսկ նախաքննությունն իրականացնող քննիչն էլ որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել: Ի դեպ, այն որ քրեական գործ էր հարուցվել, Մ. Գաբրիելյանի փաստաբանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հրապարակումից հետո են իմացել, ավելին՝ նման բան չկա…

Հետեւել են Սամսոն Ղազարյանի բողոքները:

Երեւան քաղաքի դատախազի որոշմամբ, քրեական գործի ստուգմամբ պարզվել էր, որ նախորդ քրեական գործի նախաքննությունը կատարվել էր թերի: Եվ վարույթը կարճելու մասին որոշումն էլ նա համարել է անհիմն:

Դատախազ Արթուր Դավթյանն արձանագրել էր. «Քրեական գործում առկա է 15.11.2011թ.Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Հայկազ Հովսեփյանի որոշումը՝ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին, ըստ որի արգելանք էր դրվել նաեւ «Գիմաս» ՍՊ ընկերության վրա»: Ըստ դատախազի, հայտնի չի, թե ինչպես է հարկադիրը ծանուցել գույքի վրա արգելանք դնելու մասին, քանի որ նախաքննության մարմինը չի առգրավվել, չի ուսումնասիրել Կենտրոնի դատարանի կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի նյութերը:

Դատախազի գնահատմամբ, նախաքննության մարմինը հենվել է միայն Մեխակ Գաբրիելյանի ցուցմունքների հիման վրա, «առանց ստուգելու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքները, հանգել է անհիմն հետեւության, որ վերջինս չի գիտակցել վերգրված կամ արգելանքի տակ լինելու հանգամանքը»:

Երեւան քաղաքի դատախազը բավարարել է Սամսոն Ղազարյանի բողոքը :

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930