Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում եւ ընդունել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ նախագծի նախնական տարբերակում Էդմոն Մարուքյանը առաջարկել է մեկ այլ փոփոխություն էլ կատարել, որը շատ հետաքրքիր եւ կարեւոր փոփոխություն է, սակայն վերջնական տարբերակում հանել է այդ հատվածը:
Օրինակ, Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն: Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը: Բայց կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վիճակի մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ խնամակալություն սահմանվել չի կարող, քանի որ դրանք հոգեկան խանգարումներ չեն համարվում:
Էդմոն Մարուքյանը գտնում է, որ այդ անձանց նկատմամբ նույնպես անհրաժեշտ է սահմանել խնամակալություն, քանի որ այդ ռեժիմով է հնարավոր գործարքներ կնքել նրանց անունից: Կամ, օրինակ, եթե անձն ունի վարկային պարտավորություններ, որոնք կոմայի մեջ գտնվելու հետեւանքով բնականաբար մարել չի կարող, այդ պարտավորությունը չի, ոչ էլ կարող է ժառանգության կարգով փոխանցվել, քանի որ անձը չի մահացել կամ մահացած չի ճանաչվել:
Կարդացեք նաև
Վարկային պարտավորության նկատմամբ որպես տույժ հաշվեգրվելու են տոկոսներ, որոնք անձը պետք է մարի արթնանալուց հետո: Էդմոն Մարուքյանն առաջարկել էր սահմանել, որ անձի կողմից 2 ամսից ավելի կոմայի կամ լեթարգիական քնի մեջ գտնվելու դեպքում նրա նկատմամբ նշանակվում է խնամակալություն, ինչը հնարավորություն կտա կառավարել նրա միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գույքի նկատմամբ նշանակել հավատարմագրային կառավարիչ:
Էդմոն Մարուքյանը Գագիկ Ջհանգիրյանին բացատրեց, թե ինչու է ինքը հանել նախագծից այդ հատվածը: Նրա խոսքերով՝ «Լեթարգիական քնի եւ կոմայի հետ կապված՝ կառավարությունն ամբողջությամբ առարկել է, ես, որպեսզի ֆրանչայզինգի մասը չտուժի՝ հրաժարվել եմ այդ հատվածից»:
Հետո Էդմոն Մարուքյանը բողոքեց կառավարության եզրակացությունից. «Կառավարության եզրակացությունն ինձ նյարդային վիճակի է բերել»: Ջհանգիրյանը խորհուրդ տվեց Մարուքյանին խնայել իրեն:
Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ «Արդարադատության նախարարությունը պատգամավորի կողմից ներկայացված նախաձեռնությանը ձեռ առնելու, իռոնիայի ոճով գրած եզրակացություն է տվել: Պարզ է, որ դուք չեք գրել, ինչ-որ մեկը գրել է: Եթե ինչ-որ մեկը մտածում է,որ եզրակացություն գրելուց կարող է ձեռ առնի պատգամավորներին, դաս տա, չի անցնի: Եթե ձեռ առնելու լինի՝ ես ավելի շատ կարող եմ ձեռ առնեմ: Այս շենքում այդպիսի տրադիցիա կա, եթե դաս տալու լինենք, այս շենքից ավելի շատ են դաս տվել: Ասի ներվայնացած մասը հանեմ՝ չեղավ: Թող կառավարությունն ասի,որ առարկում եմ, ախպեր ջան, ոչ թե ձեռ առնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ