Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը մշակութային եւ գիտակրթական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարեւորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա ցուցանիշները չեն արտացոլում հայ-կիպրական համագործակցության իրական ներուժը: Գալուստ Սահակյանն այս առումով մեծապես կարեւորել է տվյալ ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը: Որպես համագործակցության հեռանկարային եւ շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության եւ բանկային ոլորտները:
«Մենք շահագրգռված ենք խորացնել փոխգործակցությունը տվյալ ոլորտներում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին եւ Հայաստանին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Գալուստ Սահակյանը:
Դիմելով Կիպրոսի Հանրապետության Նախագահին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում: Նա փաստել է, որ սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը: Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
Կարդացեք նաև
Կիպրոսի Նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Կիպրոսը եղել է եւ մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը եւ իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:
Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:
Կիպրոսի Հանրապետության Նախագահն իր խոսքում նշել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է ԼՂ հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի Հանրապետության մոտեցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ