«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն ապրիլի 2-ի քաղաքական խորհրդի նիստի օրակարգում ունենալով վարչախմբի կողմից այսպես կոչված հանրային քննարկման առարկա դարձնելու Սահմանադրական փոփոխության հարցը` հայտարարում է.
Վերջին 20 տարում Հայաստանում ձևավորվեց ու ամրապնդվեց քրեա-օլիգարխիկ համակարգը, ինչին որևէ ձևով չի նպաստել և չի խանգարել 1995թ. ընդունված և 2005թ. Ռ.Քոչարյանի կողմից ուրվականների հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունը:
Գործող Սահմանադրությունը չէր կարող խոչընդոտել երեք նախագահներին` երկրում իրագործելու օրենքի գերակայությունը, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանվեր այնպես, ինչպես 1991-1994թթ.-ին, ինչը նպաստեց ոչ միայն ինքնիշխան պետականության հիմքերը դնել, այլև ազատագրել Արցախը:
Կարդացեք նաև
Քսան տարում իրականացված քաղաքականության արդյունքում ունենք սոցիալապես աղքատ, հուսալքված, իր հայրենիքում տնվորի կարգավիճակում գոյատևող իրավազուրկ ժողովուրդ:
1996թ.-ից Հայաստանում խորանում է արդարության ու արդարադատության դեֆիցիտը:
Շարունակական արտագաղթն արդեն վտանգում է մեր պետականության անվտանգությունը:
1995 թ.-ից սկսած յուրաքանչյուր իրար հաջորդող համապետական ընտրությունները հասարակության մեջ ձևավորեցին անվստահություն ընտրությունների նկատմամբ, իսկ արդեն 1998թ.-ից արվեց ամեն ինչ ընտրական համակարգը ոչնչացնելու համար, ինչն իր վերջնական հանգուցալուծումը ստացավ 2008թ.-ի նախագահական ընտրություններում, երբ իշխող զույգին աջակցող Հանրապետական, ԲՀԿ, Դաշնակցություն, Օրինաց երկիր և էլի մի քանի լուսանցքային կուսակցությունների աջակցությամբ իրագործվեց մարտի 1-ի ոճրագործությունը:
Այսօր այդ նույն ուժերը շարունակում են սպասարկել վարչախմբին, ինչը լրացուցիչ անգամ ցույց տվեց վերջերս սահմանադրական փոփոխության առիթով Բաղրամյան 26—հանդիպումները, ցավոք այդ ցուցակը համալրվեց երբեմնի մեր գործընկերներով:
Բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են սահմանադրական փոփոխության գործընթացին, աջակցում են իշխող կլանին և հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի:
Իսկ այն ուժերը, որոնք հայտարարում են սահմանադրության հանրաքվեն վերածել Ս.Սարգսյանի վստահության հանրաքվեի, կարծում ենք` վտանգավոր է, որովհետև հավանականությունը մեծ է ևս մեկ անգամ հիասթափեցնել հասարակությանը և ամրագրել վարչախմբի լեգիտիմությունը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ վարչախումբը հրապարակ նետելով սահմանադրական փոփոխությունը` նպատակը, ոչ միայն իշխանության վերարտադրությունն է, այլև` հիմնականում խնդիր ունի քաղաքական օրակարգից դուրս մղել վարչախմբի նկատմամբ հասարակության մեջ ահագնացող չափի հասնող անհանդուրժողականության հետևանքներով հնարավոր զարգացումները, ինչպես նաև փորձել քողարկել իշխանության ոչ լեգիտիմությունը:
ԺՀԿ-ն ժամանակավրեպ համարելով սահմանադրական փոփոխությունը, գտնում է, որ սխալ է ներքաշվել ակտիվ քննարկումների մեջ, առավել ևս, բովանդակային մասով, պետք է անել հնարավորինս` հանրությանը հասցնելու վարչախմբի իրական նպատակները սահմանադրական փոփոխության հետ կապված:
«Ժողովրդավարական Հայրենիք»
կուսակցության քաղաքական խորհուրդ