Սերժ Սարգսյանը երկրորդ հարվածն է հասցնում։ Թվում է, թե առանձնապես բան չի պատահել՝ Գագիկ Ծառուկյանի փեսային նշանակել է մարզպետ։ Փեսան էլ, բավականին գրագետ տղա, ասում է՝ իմ աշխատանքն են գնահատել (հավանաբար, 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը նկատի ունի)։ Բայց այս ամենի մեջ հնարավոր չէ չտեսնել երկրորդ հարվածը, որն ուղղված է ողջ հասարակությանը։ Մեսիջը հստակ է. Հայաստանը ֆեոդալական երկիր է, իսկ ես՝ միապետ եւ անում եմ այն, ինչ կամենում եմ։
Մի հայացք նետեք խորհրդարանի այս պահի պատկերին։ Դե ֆակտո ընդամենը 17 ընդդիմադիր պատգամավոր՝ 131-ից։ Դա նշանակում է, որ 87 տոկոս մեծամասնություն ունի ՍԵրժ Սարգսյանը։ Եվ այդ թիվը նոր չի գոյացել։ Այդպես է եղել 2012 թվականի մայիսից, պարզապես ոչ առանց որոշ խելահաս ընդդիմադիր գործիչների քաղաքագիտական վերլուծությունների, Սերժ Սարգսյանը կարողացել է ցրել խորհրդարանի միասեռ պատկերը եւ թվացյալ մեծ ընդդիմություն ցուցադրել։
Իսկ ի՞նչ է կատարվում կառավարությունում։ Այստեղ Սերժ Սարգսյանն ընդհանրապես խաղաքարերի հետ գործ ունի։ Դե իսկ մարզպետների մասին էլ չխոսենք։
Նախագահը Հայաստանում այսօր բացարձակ միապետ է։ Երբ ոմանք ասում են՝ Հայաստանը կիսանախագահական երկիր է, իմ ծիծաղը գալիս է։ Այդ ո՞ւմ հետ է նախագահը կիսում իր իշխանությունը, որ չի երեւում։ Չլինի՞ դատարանների, չլինի՞ վարչապետի ու Ազգային ժողովի, չլինի՞ ուժայինների։
Կարդացեք նաև
Եվ հիմա, երբ ոմանք պնդում են, որ Հայաստանին պետք է ուժեղ նախագահական համակարգ, պարտավոր են նաեւ բացատրել, թե ինչու են Հայաստանում տեղի ունենում բաներ, որոնք հարիր են միայն ֆեոդալական հասարակություններին։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում