Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ենք տուրք տալիս ադրբեջանական քարոզչությանը

Ապրիլ 03,2015 17:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ «Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Արամ Աբրահամյան.- Ուզում եմ սկսել՝ անդրադառնալով հակառակորդի կողմ անցած Անդրանիկ անունով դասալիքի հայտարարությանը եւ դրա տարածմանը հայաստանյան որոշ կայքերի կողմից: Ինչպե՞ս պետք է դրան արձագանքեն մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը:

Կարեն Վրթանեսյան.- Նախ արձանագրենք, որ Ադրբեջանը խախտում է միջազգային օրենքները: Ըստ Ժնեւյան կոնվենցիաների` գերության մեջ գտնվող անձանց չի կարելի օգտագործել որեւէ քարոզչություն, որեւէ մեդիա գործողություն անելու համար: Հիմա երկրորդ կողմը` մեր տեղեկատվական դաշտում գտնվեցին ինչ-որ դերակատարներ, որոնք ադրբեջանական քարոզչությունը տարածում են ու փաստորեն կատարում են մի դեր, որը սառը պատերազմի տարիներին ամերիկացիներն անվանում էին useful idiots` նրանք հակառակորդի ճամբարում այն մարդիկ են, որոնք, ելնելով ինչ-ինչ պատճառներից, օգուտ էին բերում հակառակ կողմին: Փաստորեն մեր այդ լրատվամիջոցները, որոնք ինչ-որ հիվանդագին հետաքրքրասիրությունից դրդված, թե ընթերցողներին գրավելու մոլուցքով տառապող՝ կատարում են այդ useful idiot-ի դերը, այսինքն` բերում են հակառակորդի քարոզչությունը եւ տարածում են մեր դաշտում՝ մի բան, որը ադրբեջանցիների համար շատ դժվար կլիներ, եթե նրանց օգնությունը չլիներ:

Ա. Ա.– Իսկ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն պետք է լինի մեր մեկնաբանությունը այդ դասալքության վերաբերյալ:

Դավիթ Սանասարյան.– Առաջին հերթին պետք է ասեմ, որ նաեւ մեր պատասխանատվությունն է, որ մենք ունենք Անդրանիկ անունով մեկը, որը գտնվում է ադրբեջանցիների մոտ: Այն, ինչ որ ասեց Կարենը, մասնագիտորեն շատ ճշգրիտ է ներկայացված: Չեմ կարծում, որ տվյալ կայքերը ուզում էին ադրբեջանական քարոզչություն տարածել, պարզապես քլիք են հավաքում:

Ա. Ա.– Այսինքն՝ մենք ընդհանրապե՞ս չպիտի արձագանքենք դասալքության փաստին:

Դ. Ս.- Չէ, ընդհանրապես բանի տեղ չդնելը սխալ է, պետք է անպայման մասնագետները ճիշտ մեկնաբանություններ տան, պետք է ընդհանրապես հայկական կողմը այս հարցը շատ հստակ դնի միջազգային ատյաններում, որ գերիների նկատմամբ նման վերաբերմունք է դրսեւորվում: Ուղղակի ինձ թվում է՝ միջազգային ատյաններում եւ ադրբեջանցիների մոտ էլ ծիծաղ է առաջացնում այն, ինչ որ Անդրանիկը ասում է՝ այնտեղ շատ լավ է եւ այլն: Մարդուն ճնշել են, մարդուն վատ վիճակի մեջ են դրել: Անկախ ամեն ինչից՝ չեմ ուզում այդ անձը քննարկել:

Ա. Ա.– Մենք քննարկում ենք մեր հասարակության եւ լրատվամիջոցների արձագանքը:

Դ. Ս.- Տարիներ շարունակ հանրությանը որոշակի մեսիջներով մատուցվում է, թե ինչպես պետք է վարվել նմանատիպ նյութերի հետ, որոշակի հաջողություններ կան, բայց դե, տեսնում ենք… մարդիկ չեն հասկանում:

Ա. Ա.– «Պատասխանատվությունը մերն է»՝ ասում է Դավիթը, համաձա՞յն եք:

Կ. Վ.- Համաձայն եմ: Անձամբ ես հուսով եմ, որ մեղավոր չեմ, բայց ընդհանուր առմամբ` մեր մեղքը այն է, որ ինչ-որ բացասական երեւույթ է եղել: Մյուս կողմից՝ կարող ենք ասել, որ սա եզակի դեպք է կամ եզակի դեպքերից մեկն է, չեմ կարծում, որ սա համակարգային բնույթ ունի: Հայաստանում ինչքան էլ ներքին ինչ-որ դիմակայություններ լինեն, ինչքան էլ պայքար լինի ներքաղաքական եւ այլն, կան որոշ հարցեր, որոնց շուրջ հասարակությունը կոնսենսուս ունի:

Քննարկումն` ամբողջությամբ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930