Արա Պապյանը մտավախություն ունի, որ Հայոց ցեղասպանության անմոռուկախեղդ ակցիաները հակառակ ռեակցիա են ունենալու
Անմոռուկախեղդ ակցիաները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նմանվում են նախատոնական աժիոտաժի: Հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցողները կփաստեն, որ դպրոցներում ինչպես պատրաստվում են, ասենք, Ամանորի տոներին կամ Սուրբ Զատկին, այնպես էլ «պատրաստվում են» Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Աշակերտների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության անկյուն են «զարդարում» անմոռուկներով եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ իշխանական էլիտայի կանայք անմոռուկները փռած սեղանին նկարվում ու իրենց լուսանկարը հրապարակայնացնում են տարբեր սոցցանցերում: Անմոռուկային երեւակայությունն արդեն այնքան է առաջ անցել, որ նույնիսկ բանկոմատների էկրաններին են անմոռուկներ հայտնվում:
Այս երեւույթները «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը բացասական է գնահատում ու հիշեցնում, որ Հայոց ցեղասպանության տարելիցը ի վերջո սգո օր է. «Ցանկացած սգո արարողություն որոշակի համեստություն, լռություն է պահանջում: Առավել եւս դատապարտելի է, քանի որ այս ամենում արդեն ի հայտ են եկել բիզնես-տարրեր: Որոշ հիմնարկներում պարտադրել են անմոռուկները գնել 300-500 դրամով: Սա ինձ համար ընդունելի չէ»:
Արա Պապյանը ցավով նկատում է, թե մի տեսակ այս ամենում «Օսկարի» հանձնման արարողության ոգեւորության մթնոլորտ կա. «Մրցութային բան եմ տեսնում. քանի հոգի է գնալու Գալիպոլիի արարողությանը, քանի հոգի է գալու Հայաստան»: Արա Պապյանը նկատում է, որ հարյուրամյա տարելիցի չափորոշիչն այն պետք է լինի, որ հստակ կետային կերպով դնենք, թե ինչ ենք ուզում, ինչի հիման վրա, իսկ մնացածը աղմուկ է վասն ոչնչի: Արա Պապյանը նկատում է. «Հաճելի է, երբ հայտնի դերասանը մասնակցում է, մի բան կարդում Ցեղասպանության հուշերով, բայց դա երբեք քաղաքական այն նշանակությունը չի կարող ունենալ, ինչ մենք ուզում ենք»:
Կարդացեք նաև
Ավելին՝ Արա Պապյանը կարծում է, որ այս պարտադրանքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նման կերպով պատրաստվելը կարող է աշակերտների մոտ հակակրանք առաջացնել: Նշենք, որ այս ամենին երեկ գումարվեց «Պատվո պահակ» նախաձեռնությունը, որի շրջանակներում աշակերտները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ը, կհերթապահեն: Արա Պապյանն այս առիթով նշեց. «Մենք բոլորս եղել ենք դպրոցական եւ գիտենք, որ այդ տարիքում հակակրանք է առաջանում այն ամենի նկատմամբ, ինչը պարտադրվում է: 70-ականներին ես պատի թերթ էի փակցնում Հայոց ցեղասպանության թեմայով, ուսուցիչները պոկում էին այն, բայց մենք մի քանի օրինակ էինք սարքել, քանի որ այդ տարիքում ուզում ես ամեն կերպ հակադրվել: Նույնիսկ ամենալավ ստեղծագործությունները երբ պարտադրում ես անցնել, արդեն հակակրանք են առաջացնում:
Մինչդեռ հետագայում նույն այդ ստեղծագործությունները երբ մարդ բացահայտում է իր համար, այլ հաճույք է պատճառում»: Արա Պապյանը հիշեց, թե աշակերտական տարիներին դասից փախչում էին, որ գնան Ցեղասպանության հուշահամալիր, այսօր հակառակ ծայրահեղությունն է. «Այսօր դպրոցներում անմոռուկներով մակետներ են պատրաստում, դրանցով զարդարում, շորեր են արտադրում, փողկապներ, կանացի աքսեսուարներ: Մինչդեռ այն ժամանակ կար որոշակի արգելք, բայց չկար պետական պարտադրանք»: Արա Պապյանը մտավախություն ունի, որ այս ամենը դեռահասների մոտ հակառակ ռեակցիա կառաջացնի. «Դեռահասը հակադրվող է, քանի որ ինքնակայացման փուլում է: Ինքը հակադրման մեջ է, իր ինքնությունն է հաստատում: Մեր հասարակությունում, ցավոք, շատ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, բայց պատրաստ չեն դրան, բազում նուրբ հարցեր կան, թե ինչպես դեռահասին այդ տարիքում Հայոց ցեղասպանության մասին ներկայացնես: Այ, այս հարցերի մասին է պետք մտածել: Ես հիմա հանդիպում եմ աշակերտների հետ, նրանց պատմում Հայոց ցեղասպանության մասին, զրուցում բազում նուրբ հարցերի շուրջ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015
Թուրքիան բառիս բուն իմաստով թքա՛ծ ունի այս անատամ-ցուցադրական «անմոռուկաշոու»-ի և նման բոլոր թատերական-ձևական միջոցառումնեդրի վրա: Թուրքիան պարզ ասում է՝ ապացուցե՛ք,որ Եղեռն էր: Այ ա՛յս ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ կողմի վրա պիտի աշխատել. թե չէ,բոլորն էլ կարող են ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ շոուներով կե՛ղծ «հայրենասիրական» միավորներ խփել: