ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյանը փակագծեր է բացում
Նախօրեին ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը տեւական դադարից հետո նիստ էր գումարել: «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հանձնաժողովը տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար աշխատանքային քննարկումներ անցկացրել է: Վերջին նիստում որոշվել է մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել: Լսումները կլինեն ապրիլի 17-ին: Դա ՀՀ ԱԺ հանձնաժողովի եւ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության համատեղ նախաձեռնությունն է: «Առավոտի» հետ զրույցում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը դրական է համարում ԵՄ-Հայաստան հարաբերություններում կրկին նկատվող ակտիվությունը: «Որպես ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ ինքս էլ վերջին շրջանում մի քանի փակ հանդիպումներ եմ ունեցել ԵՄ-ի եւ հայաստանցի տարբեր փորձագետների հետ, քննարկվել են ԵՄ-Հայաստան հնարավոր իրավական փաստաթղթի դրույթները: Ես իրապես ողջունելի եմ համարում եվրոպական վեկտորի ակտիվացումը՝ հասկանալով, իհարկե, այն պարտավորությունները, որոնք ունի Հայաստանը Եվրասիական տնտեսական միության առջեւ, հասկանալով մեր երկրի անվտանգության համար ՌԴ-ի ռազմավարական նշանակությունը»,- ասաց մեր զրուցակիցը:
– Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ որեւէ հիմնարար փաստաթուղթ կստորագրվի՞, ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի:
– Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հիմնարար փաստաթուղթ չի ստորագրվի, կարծում եմ՝ նաեւ տեխնիկական պատճառով: Անկախ նրանից, որ հիմնական դրույթներն արդեն բանակցված են, Եվրահանձնաժողովը պետք է դեռ ստանա ԵՄ երկրների մանդատը՝ վերջնական փաստաթուղթ ձեւավորելու համար: Ես ավելի տրամաբանական եմ համարում, որ Ռիգայում Հայաստանն ու ԵՄ-ն կընդունեն մի հռչակագիր, որը կնախանշի ապագա հիմնարար փաստաթղթի, այսպես ասած, հիմնական կոդերն ու մեսիջները: Բոլորիս համար էլ պարզ է, որ քաղաքական մասով այդ համաձայնությունը կարտացոլի այն հիմնական դրույթները, որոնք կային Ասոցացման պայմանագրում՝ կոռուպցիա, արդարադատության համակարգի լրջագույն խնդիրներ, արդար կառավարում, ժողովրդավարություն, մամուլի ազատություն եւ այլն: Ես, իհարկե, չեմ պնդում, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը «քոփի փեսթ» կարվի, բայց որ դրա հիմնական դրույթները նոր փաստաթղթում կլինեն՝ ակնհայտ է:
Կարդացեք նաև
Սակայն ինձ համար շատ կարեւոր է հատկապես այն, որ նոր փաստաթուղթն ունենալու է նաեւ որոշակի տնտեսական կոմպոնենտ: Դա չէր էլ կարող այլ կերպ լինել, քանզի Հայաստանի ապրանքաշրջանառության կեսից մի փոքր ավելին ԵՄ-ի հետ է, ուստի նաեւ տրամաբանական է տնտեսական կոմպոնենտի առկայությունը: Վերջին հանդիպումների ընթացքում մենք ավելի շատ քննարկել ենք տնտեսական կոմպոնենտի հատվածը՝ այն առումով, որքանով դա չի հակասելու Եվրասիական տնտեսական միության առջեւ ստանձնած մեր պարտավորություններին: Իհարկե, միանշանակ հասկանալի է, որ այն չի լինելու Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի ամբողջ համաձայնագիրը: Փորձ է արվել երկու տնտեսական ռեժիմներում գտնել համադրելի կետեր, որոնք, կարծում եմ, կներառվեն ապագա հիմնարար փաստաթղթում: Ի վերջո՝ կան Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար կանոնները, եւ ես կարծում եմ, որ նաեւ այդ կանոններին համահունչ՝ կողմերը կարողացել են ու կարողանալու են գտնել տնտեսական համադրություն:
– Նախկինում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաեւ ԵՄ հարեւանության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սկզբունքորեն դեմ էին, ավելին՝ անհնար էին համարում եվրոպական եւ եվրասիական տնտեսական մոդելների համադրությունը:
– Այո, ինքս էլ նախկինում բազմիցս զրուցել եմ պարոն Ֆյուլեի հետ էլ, եվրոպացի այլ պաշտոնյաների հետ էլ. ճիշտ եք, նախկինում անհամադրելի էին համարում, համատեղելիության եզրեր չէին գտնում կամ չէին ցանկանում գտնել: Ինձ համար ողջունելի է, որ ԵՄ մեր գործընկերների տեսակետը, այդ թվում նաեւ ԵՄ նոր հանձնակատար Յոհաննես Հաննի տեսակետը փոխվել է, եւ իրենք եւս հասկանում են, որ շատ ավելի շահեկան չէ շարժվել բաժանարար գծեր փնտրելու ճանապարհով: Եթե նպատակը համադրելիություն գտնելն է՝ գտնում ես, եթե նպատակը համադրելիություն չգտնելն է՝ չես գտնում:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար շատ կարեւոր է լինելու:
– Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը խորհրդարանում փորձելով հայ պատգամավորներին եւ նախարարներին զգուշացնել, թե ինչ սպառնալիքների կամ վտանգների կարող է ենթարկվել Հայաստանը, եթե շարունակի եվրաինտեգրացիային ուղղված իր քաղաքականությունը, բավական սպառնալից տոնով էր արտահայտվել: Ռիգայի գագաթնաժողովի ֆոնին նման սպառնալիքները կարծում եք՝ նոր խնդի՞ր են առաջացնելու Հայաստանի համար:
– Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, մեզ համար կարեւորը մեկ բան է՝ առաջնորդվել սեփական երկրի շահերով, գերակայություններով եւ առաջնահերթություններով:
– Սերգեյ Նարիշկինի դիտարկումներն, ի դեպ, դահլիճում ներկաների, այդ թվում նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից պատշաճ հակադարձման չարժանացան: Ավելին, ընդդիմադիրների ելույթներում քծնանքի տարրեր էլ կային:
– Ես մեկ բան կարող եմ ասել՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճում հայկական եւ ռուսական պատվիրակությունների միջեւ ընթացող քննարկման ժամանակ հարցը, որը հնչել է պարոն Նարիշկինին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ռազմավարական դաշնակից երկիրը հարձակողական զենք վաճառի Ադրբեջանին, բարձրացրել եմ ես: Պարոն Նարիշկինի պատասխանը, կարծում եմ, հայտնի է բոլորին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015