Հայաստանում 2 մանկատուն փակվել է, մեկն էլ վերափոխվել
«Մանկատանը մեծացող երեխաները շատ հաճախ ավելի քիչ են հաջողության հասնում կյանքում, քան ընտանիքում մեծացածները»,- երեկ խնամատարության մասին աշխատաժողովի ժամանակ ներկայացնելով մանկատանը եւ ընտանիքում մեծացող երեխաների տարբերությունը՝ այսպիսի կարծիք հայտնեցին սոցիալական ոլորտի մասնագետները: Նրանք հավաքվել էին «Անի Պլազա» հյուրանոցում՝ քննարկելու մեր երկրում ներդրված խնամատար ընտանիքի մոդելի ընդլայնման, ծառայությունների մատուցման, բարելավման հարցերը:
ՀՀ կառավարությունը 2011 թվականին մանկատների բեռնաթափումը ճանաչել է գերակա ուղղություն: Այս նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի մանկատներում խնամվող երեխաները վերադառնան ընտանիք: Սակայն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների եւ հ/կ-ների մասնագետները գտնում են, որ մեր երկիրն այդպես էլ կմնա «մանկատներով երկիր», եթե պետությունն այս հարցին համակարգային մոտեցում չցուցաբերի:
«Առավոտի» հարցին, թե մի կողմից՝ մանկատները բեռնաթափում են, սակայն մյուս կողմից՝ ընդունելություն են անում, ե՞րբ պետք է սոցիալական ծառայությունը մատուցվի կարիք ունեցող ընտանիքին, որպեսզի երեխան դուրս չգա կենսաբանական ընտանիքից եւ չհայտնվի մանկատանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն ասաց, որ մոտ 10 տարի է՝ Հայաստանում ներդրված է խնամատար ընտանիքի մոդելը, եւ այժմ խոսքը գնում է ծառայությունների ընդլայնման մասին:
Կարդացեք նաև
Փոխնախարարի տվյալներով՝ ներկայումս էլ 25 ընտանիք խնամատար է, եւ այս տարիների ընթացքում արդեն առանց ծնողական խնամքի մնացած 67 երեխա ընտանիքում է մեծացել:
Մեր այն հարցին, թե այդ տասը տարիների ընթացքում խնամատար ընտանիքների թիվը այդպես էլ 25-ից չավելացավ, Ֆիլարետ Բերիկյանն ասաց, որ ծրագիրը մի բան էլ թերակատարվում է, քանի որ մեր երկրում խնամատարության ենթակա երեխաների քանակն է քիչ: Այսինքն՝ ըստ պարոն Բերիկյանի, մանկատներում հայտնվում են երեխաներ, որոնք ունեն համակցված՝ մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն, իսկ խնամատար ընտանիքները չեն ցանկանում հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամել:
Ֆիլարետ Բերիկյանի տվյալներով՝ այսօր խնամատար ընտանիքը մեկ երեխայի համար պետությունից ստանում է 120 հազար դրամ: Մեր այն հարցին՝ եթե խնամատար ընտանիքին տրվող գումարներն ուղղվեն այն ընտանիքներին, որոնք իրենց երեխաներին հաշմանդամության պատճառով հանձնել են մանկատուն, արդյոք ծնողները չե՞ն ցանկանա մանկատներից հետ վերցնել իրենց երեխաներին, փոխնախարարն ասաց. «Ոչ, չեն ուզում: Մեզ մոտ հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք հանձնվում են մանկատուն, նոտարով երկկողմանի հրաժարված են, իսկ սովորական մանկատներում երեխաների 95 տոկոսի ծնողները հրաժարված չեն: Այսինքն՝ չենք կարողանում այդ հարցերը ինչպես ուզում ենք՝ լուծել, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներինը կարող ենք:
Հաշմանդամություն ունեցող մեր բոլոր երեխաները առանց ծնողական խնամքի մնացած են: Այսօր մանկատներում կա 730 երեխա, որից շուրջ 580-ը հաշմանդամություն ունեն, եւ նրանցից ծնողները հրաժարված են, մնացած երեխաներից 95 տոկոսը սոցիալական որբեր են, այսինքն՝ ունեն ծնողներ»:
«Առավոտի» այն հարցին, թե մանկատների բեռնաթափման ծրագիրը կյանքի կոչելուց ի վեր քանի՞ մանկատուն է փակվել, Ֆ. Բերիկյանն ասաց՝ երկուսը՝ Գյումրիի «Նանսենի անվան մանկատունը» եւ «Զատիկը», Մարի Իզմիրլյանի մանկատունն էլ սովորական մանկատնից վերափոխվել է հատուկ կարիքներով երեխաների հաստատության:
Փոխնախարարի կարծիքով՝ խնամատար ընտանիքի ծառայությունները ընդլայնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որն այս պահին մեր պետությունը չունի, եւ սոցիալական փաթեթով աջակցություն՝ հոգեբանի, սոցիալական աշխատողի եւ այլ մասնագետների միջոցով, իրենց կարող են թույլ տալ բարեկեցիկ երկրները:
Սակայն այդ կարծիքին չէ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Աննա Հարությունյանը: Ըստ նրա. «Անընդհատ խոսում ենք, որ գումարներ չկան, ես պետք է չհամաձայնեմ եւ պետք է ասեմ, որ բավականին թանկ արժե ինստիտուցիոնալ խնամքը: Այսօր պետական բյուջեից միայն սոցիալական ոլորտի հատկացումների խնամքի համար տարեկան տրամադրվում է 3 միլիարդ դրամ՝ ընդամենը 1400 երեխայի խնամք ապահովելու համար, այդ գումարի 75 տոկոսը վարչական ծախսերի վրա է գնում: Այդ գումարի ընդամենը 19-20 տոկոսն է ծախսվում է երեխայի սննդի եւ հագուստի վրա, այսինքն` այն պատկերացումը, որ երեխային տարանք հաստատություն, նա լավ կսնվի, լավ կհագնվի, այդքան էլ այդպես չէ, եթե մենք համեմատենք ծախսերի այն մասնաբաժնի հետ, որը գնում է վարչական մասին»:
Աննա Հարությունյանի ներկայացմամբ՝ Գորիսի եւ Սիսիանի համար նախնական հաշվարկներ են կատարել եւ պարզել, որ 2 դպրոցի բյուջեն վերակազմակերպելով՝ միանգամայն հնարավոր է ստեղծել մի քանի տեսակի ծառայություններ. «Եթե այսօր 120 երեխա է օգտվում այդ ծառայությունից, ապա մոտ 500 եւ ավելի երեխաներ տարբեր ծառայություններից նույն գումարով կարող են օգտվել: Այսինքն՝ նույնն է սոցապ համակարգում: Դրան գումարած՝ մենք ունենք մեծ հոսքեր սփյուռքի տարբեր դոնորներից, որը, ցավոք սրտի, որեւէ տեղ չի երեւում, կա նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությունը, որը պատրաստ է ծածկել տրանսֆորմացիոն ծախսերը, այսինքն` լրացուցիչ բեռ պետության վրա գոնե անցումային փուլում չի կուտակվի, այնպես որ՝ միայն կամքի հարցն է, եւ փառք Աստծո, որ նախարարի եւ վարչապետի մակարդակով այդ կամքը դրսեւորվում է»:
«Առավոտը» երեխաների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Բեփ Ֆան Սթոլենից հետաքրքրվեց, թե ինչ պետք է անեն սոցիալական ոլորտի պատասխանատուները այն դեպքում, երբ մանկատների «դարպասները» չեն վերահսկվում, եւ դուրս եկած երեխաների տեղն անմիջապես լրացվում են նոր մանուկներով, մանկատների տնօրենները մեծ պատրաստակամությամբ են երեխաներ ընդունում եւ անգամ չեն էլ փորձում ծնողին համոզել հետ կանգնել իրենց որոշումից, եւ ստացվում է, որ պետությունը մի կողմից՝ բեռնաթափում է, մյուս կողմից՝ ընդունում, ասաց. «Միշտ էլ այդպես է, բոլորը հպարտ են իրենց աշխատանքով, նույնը վերաբերում է մանկատան տնօրենին, որն ուզում է հպարտանալ իր կատարած աշխատանքով: Պարզապես միջազգային կտրվածքով ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաստատություններում ապրող երեխաները զիջում են ընտանիքոմ մեծացած երեխաներին: Եվ այն անհրաժեշտ պայմանները, որոնք պետք են երեխայի լավ զարգացման համար, չեն կարող ապահովել հաստատությունները: Երբ որ մարդիկ հասկանան, որ խնդիրը կայանում է ոչ թե իրենց աշխատատեղերը ընդլայնելու մեջ, այլ՝ ելնելով երեխայի լավագույն շահից, այդ համակարգը կբարեփոխվի: Համոզված եմ, որ այն մասնագետները, որոնք այսօր աշխատում են մանկատներում, անհրաժեշտ կլինեն սոցիալական ծառայությունները մատուցելիս»:
Տիկին Բեփ Ֆան Սթոլենի տվյալներով՝ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, մանկատներում 10-8 երեխա համարվում են սոցիալական որբեր, ինչը նշանակում է, որ նրանք ունենք կենդանի ծնողներ. «Այդ երեխաների մեծ մասը գտնվում են հաստատություններում, քանի որ նրանց ծնողներն ի վիճակի չեն հոգ տանել երեխաների մասին եւ ոչ այն պատճառով, որ նրանց շահագործում են կամ բռնության են ենթարկում: Հետեւաբար, եթե նրանց ծնողները ապահովվեն աջակցությամբ, ո՛չ խնամատարության կարիքը կլինի, ո՛չ էլ մանկատների»:
«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արսեն Ստեփանյանի համոզմամբ՝ ամենակարեւոր խնդիրը երեխային ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է, եւ դա այլընտրանք չունի: Նրա համոզմամբ՝ այնպես չէ, որ հենց այսօր կարող ենք մանկատները միանգամից բեռնաթափել. «Մենք պետք է ծառայությունների համակարգ զարգացնենք, խնամատար ընտանիքի հետ պետք է աշխատանք տանենք, պետք է վերապատրաստել այդ մարդկանց, ստանդարտներ պետք է լինեն, պայմանագրային մոդելներ պետք է լինեն: Իսկ այդ ամենը պահանջում է հավելյալ ներդրում: Հայաստանի բոլոր մարզերում պետք է գնալ, մարդկանց իրազեկել եւ ասել՝ ով է ուզում դառնալ խնամատար ծնող, բացատրել՝ դա ինչ է, ինչ է իրենից ենթադրում, ինչ պարտականություններ կան, ինչ հնարավորություններ է տալիս, ինչպես է օգնում: Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմամբ մենք չենք կարող մարդուն, որի հիմնական գործը եղել է թոշակ բաժանելը, հիմա ասենք՝ գիտես ինչ, դու սոցիալական աշխատող ես, այդ մարդուն պետք է օգնել, որպեսզի ինքը կարողանա ձեռք բերել այն հմտությունները, որոնք պետք են գործ անելու համար»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.03.2015