Լրահոս
Օրվա լրահոսը

Պարային տեխնիկա, գումարած իսպանական սեթեւեթանք

Ապրիլ 03,2015 14:30

Բալետային արտիստ Մերի Հովհաննիսյանի
մասին դրվատանքով են խոսել նաեւ արվեստի ռուս քննադատները

Քիչ արվեստագետներ կան, մանավանդ՝ բալետային արվեստում, որոնք բավարարված են իրենց բեմական-ստեղծագործական կյանքից։ Այդ քչերից է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Մերի Հովհաննիսյանը։ Շուրջ 10 տարի առաջ նա միանգամից համալրեց թատրոնի առաջնակարգ արտիստների շարքը՝ մենապարերով հանդես գալով Խաչատրյանի «Սպարտակում» ¥Էգինա), Ադանի «Ժիզելում» ¥Ժիզել), Մինկուսի «Դոն Կի Խոտում» ¥Կիտրի), Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում» ¥Ջուլիետ), ինչպես նաեւ տեխնիկապես ամենաբարդ՝ Կորսատի, Բալանչինի պա-դե-դեներում, Չայկովսկու «Կարապի լիճը» ¥Սեւ կարապ) եւ «Շչելկունչիկ» ներկայացումներում։ Իսկ Մերի Հովհաննիսյանի Նունեն Խաչատրյանի «Գայանեում» ¥բեմադրիչ՝ Վիլեն Գալստյան, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) 2014 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում արժանացավ տեղի քննադատների բարձր գնահատանքին։

«Առավոտի» հետ զրույցում Մերի Հովհաննիսյանն ասաց, որ իսկապես գոհ է իր ստեղծագործական ուղուց. «Աշխատել եմ այնպիսի բարձրարվեստ խորեոգրաֆների հետ, ինչպիսիք են Վիլեն Գալստյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Հովհաննես Դիվանյանը, Յուրի Գրիգորովիչը։ Ընդ որում՝ 2009 թ. Երեւանում «Սպարտակը» բեմադրելու օրերին Գրիգորովիչը հավաստիացնում էր, որ հաջորդը կլինի «Շչելկունչիկը», ինձ էլ տեսնում էր Մաշայի դերապարում։ Ափսոսում եմ, որ ռուս անվանի խորեոգրաֆի մտահղացումը այդպես էլ չիրականացավ… Գլխավոր դերապարերով մեր թատրոնում հանդես եմ եկել նաեւ Արեւմուտքի թատրոններից Երեւան ժամանած կոլեգաներիս հետ՝ Արման Գրիգորյանի, Դավիթ Գալստյանի եւ մյուսների, ինչպես նաեւ ԱՄՆ-ից Ջոնաթան Ջորդանի ընկերակցությամբ»։ Հավելեց նաեւ, որ բալետային խմբի կազմում հյուրախաղերի է մեկնել Սիրիա, Դուբայ, Քաթար, Եգիպտոս, Մոսկվա եւ այլուր։

Meri_Hovhannisyan_1

Մերի Հովհաննիսյանը՝ որդու հետ:

Հետաքրքրությանը, թե երբեւէ հրավեր չի՞ ստացել արտերկրյա թատրոններից, Մերի Հովհաննիսյանը հայտնեց, որ ունեցել է առաջարկ Շվեյցարիայից, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է։ Ռեպլիկին՝ գուցե դա ընտանեկան խնդիրներով էր պայմանավորված, պարուհին ծավալվեց հարցի շուրջ. «Ամենօրյա 6-7-ժամյա մեր պարապմունքները, հյուրախաղերը չեն խանգարում, որ ես իսկապես լավ մայր լինեմ որդուս՝ 4-ամյա Արմենի համար, որը օժտված է դերասանական ձիրքով, շատ է սիրում երաժշտություն, արդեն կիթառ է նվագում…»։ Հարցին՝ կուզե՞ր որդին հետագայում ընտրեր իր մասնագիտությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, աննկարագրելի դժվար աշխատանք է»։

Վերջերս Մերի Հովհաննիսյանին հանդիպեցինք նաեւ վերականգնված Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն» սյուիտում գլխավոր դերապարում։ Պարուհին այս կերպարը ներկայացրել է դեռեւս 2006 թ. Արմեն Գրիգորյանի խորեոգրաֆիայով։ Հետո՝ հիշյալ բեմադրությունը 2008 թ. հանվեց խաղացանկից եւ միայն վերջերս այն վերականգնեցին հայկական բալետային արվեստի երախտավորներ, թատրոնի փորձավարներ Էլվիրա Մնացականյանը, Նադեժդա Դավթյանը եւ Էմմա Պետրոսյանը։ «Կարմեն» սյուիտում պարուհին մեկտեղելով պարային տեխնիկան ու ճկունությունը եւ իսպանացի կրքոտ կնոջ սեթեւեթանքը՝ փայլեց ողջ հմայքով։

Մերի Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ ունկնդիրը երկար չի սպասի հաջորդ ներկայացմանը։ Նրա խոսքերով՝ գարնան վերջին կվերականգնվի Ադանի «Ժիզելը» ¥բեմադրիչ՝ Մարկ Մնացականյան), որտեղ ինքը հանդես կգա գլխավոր դերապարով։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Պարուհին՝ Կարմենի կերպարում:

«Առավոտ» օրաթերթ
02.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930