Շատերի խնդիրն է դեմքի մաշկի խցանված եւ լայնացած ծակոտիները, որոնց պատճառը եթե նյութափոխանակության ու ներքին օրգանների հետ չի կապված, ապա առաջանում են արտաքին բացասական ազդեցություններից: Այդ խնդրից ազատվելու համար նախ դիմեք բժշկի, ապա նոր անցեք դեմքի խնամքին: Մասնագետներն առաջարկում են պարզ ու արդյունավետ միջոցներ, որը ոչ երկար ժամանակ, ոչ էլ մեծ ծախսեր է պահանջում:
Շատերը գիտեն, որ ձվի սպիտակուցը լավ ձգում է մաշկը ու պայքարում պզուկների դեմ, իսկ սպիտակուցը եւ կիտրոնի հյութը միասին հրաշալի է ազդում դեմքի լայնացած ծակոտիների վրա եւ կանխում բորբոքումները: Ձվի սպիտակուցի մեջ ավելացնել 10-15 կաթիլ կիտրոնի հյութ, լավ հարել՝ մինչեւ փրփրի, այնուհետեւ քսել դեմքին ու թողնել այնքան, մինչեւ չորանա:
Դեմքը մաքրել խոնավ սրբիչով եւ լվանալ սառը ջրով: Խնձորի քացախի օգտակարության մասին հաճախ է խոսվում, այն նաեւ մաշկի վար է դրական ազդեցություն թողնում: 6/1-ի հարաբերականությամբ խնձորի քացախը բացել ջրով, բամբակե սկավառակը թրջել ու մաքրել դեմքը: Մածունը լավագույն տարբերակն է մաշկը խոնավեցնելու, ծակոտիները փակելու: Այն օժտված է սպիտակեցնող եւ ձգող հատկությամբ: Տնական մածունի մեջ պարունակող ցինկը օգնում է ազատվել դեմքի բծերից, իսկ կաթնաթթուն մաշկը դարձնում է փափուկ եւ թավշյա: Տնական մածունը քսել դեմքին, թողնել 10 րոպե եւ լվանալ սառը ջրով: Պետք է խուսափել դեմքը հաճախակի լվանալուց, քանի որ այն բերում է մաշկի չորացման եւ սկսում է նորմայից շատ ճարպ արտադրել: Դեմքի մաշկի համար կարող եք ինքներդ սկրաբ պատրաստել, որը ոչ միայն մաքրում եւ խոնավեցնում է մաշկը, այլեւ սնուցում է ու պահում դեմքի թարմությունը:
Վերցրեք 2 ճաշի գդալ աղ եւ նույնքան սոդա, խառնել միմյանց, այնուհետեւ դեմքը 10-15 րոպե շոգեբաղնիքի միջոցով խոնավեցնելով եւ ծակոտիները բացելուց հետո բամբակե սկավառակը մի փոքր ջրով խոնավեցնել, քսել սեւ կամ մանկական օճառին: Այնուհետեւ օճառոտ բամբակե սկավառակը թաթախել սոդայի եւ աղի խառնուրդի մեջ եւ շրջանաձեւ շարժումներով մաքրել ամբողջ դեմքը` լվանալ սառը ջրով: Առաջարկվում է նաեւ մեկ այլ սկրաբ. 1 թեյի գդալ շաքարավազը կես ճաշի գդալ եգիպտացորենի եւ նույնքան վարսակի փաթիլների հետ լավ խառնել, ստացված զանգվածին ավելացնել մի քանի կաթիլ կոկոսի կամ ձիթապտղի յուղ: Պատրաստուկը պետք է շատ խիտ չլինի: Քսել դեմքին եւ 2-3 րոպե մերսել դեմքը, այնուհետեւ լվանալ սառը ջրով:
Կարդացեք նաև
Դեմքի մաշկի առաձգականության ու թարմության համար լավագույն միջոց է ամեն առավոտ դեմքը սառցե խորանարդիկով մերսելը: Հատկապես օգտակար է սառույցը խոտաբույսերի թուրմից պատրաստել, օրինակ՝ երիցուկի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ2.03.2015