Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ` փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի հասցեին. ահազանգում է Ստյոպա Սաֆարյանը

Ապրիլ 02,2015 23:25

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի անունից լիազորված եմ տարածել Հանցագործության մասին սույն հաղորդումը ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Փաստաբանների պալատի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ լրատվամիջոցների համար:

2015թ. ապրիլի 2-ին ժամը 15.49 րոպեին 098 90 44 24 բջջային հեռախոսահամարից հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի ձեռքի հեռախոսին, եւ ոմն տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու իր ընտանիքի հասցեին՝ վերջինիս ծավալած փաստաբանական գործունեության կապակցությամբ:

Զանգահարող տղամարդը չի թաքցրել, որ հաշվեհարդարի իր սպառնալիքները պայմանավորված են շուրջ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործի հետ, որի վերաբերյալ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում արձակեց հօգուտ դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի, հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով:

Մեր կողմից պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը պատկանում է Աղաբեկ Սարգսյանին, ով հանդիսանում հանգուցյալ տուժողի հայրը: Թերեւս անհասկանալի է այն, որ հենց տուժողի հայրն է մտահոգված սեփական դստեր սպանության գործով արդարության վերահաստատման նորաբաց հնարավորությունից, եւ պետք է պարզել, թե ինչ շահագրգռություն ունի նա իրերի ընթացիկ վիճակը պահպանելու հարցում:

Խնդրում ենք սույն հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ապահովել Սեդա Սաֆարյանի, նրա ընտանիքի անդամների անվտանգությունը հնարավոր ոտնձգություններից:

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան

Սեդա Սաֆարյանի եղբայր

Հ. Գ. Հավելենք, որ Armlur.am-ը կապ է հաստատեց սպանված անչափահասի հոր և իրավահաջորդ հանդիսացող Աղաբեկ Սարգսյանի հետ: Վերջինս հաստատել է, որ սպառնացել է Սեդա Սաֆարյանին և հավելել, որ չի զղջում ու պահանջում է փաստաբանից հարգել իր վիշտը և վերքը չթարմացնել: Նա վստահեցրել է, որ թե´ այն ժամանակ, թե´ հիմա շահագրգռված է, որ դստեր սպանությունը բացահայտվի, սակայն եթե նոր հանգամանքներ ի հայտ չգան, ինքը կպահանջի, որ փաստաբանը պատիժ կրի. «Ու ոչ մի բան էլ կասկածի տակ չի առնվել, այդ թվում` աղջկաս շուրթերի վնասվածքը: Դատաբժիշկն ասել է, որ երեխան ուղեղին է հարված ստացել: Հետո էլ տարել, փոսն են գցել: Ես զանգել եմ, նրան սպառնացել եմ, քանի որ նա ամեն ամիս իմ վերքի վրա նորից աղ է լցնում: Ամեն ամիս մի բան նրանից լսում են: Թո´ղ քրեական գործ հարուցեն էն մասով, որ էրեխուս մասին նման բաներ են գրում: Սեդա Սաֆարյանն էս գործը չի բացի, ընդհակառակը` «պռավալ» կտա: Ինչքան էլ նրան սպառնամ, տեղին է»:

Աղաբեկ Սարգսյանն ասել է, որ եթե քրեական գործ հարուցեն, ինքը նստացույց կանի նախագահական նստավայրի առջև. «Վիշտ տեսած մարդուն նման անհանգստություն է պատճառել, ու հիմա էլ իմ վրա գործ են հարուցում: Եթե պարզվի, որ էրեխուս բռնաբարել են, թող անողները պատասխան տան: Գործը երեք դատարան է անցել. ո՞վ է բոլոր դատավորներին կաշառել: Եվրադատարանը մեզ ինչ պետք է սովորեցնի, ասում է` տղամարդը պիտի տղամարդու հետ ամուսնանա, ես պատրաստ եմ, թո´ղ գործը բացեն: Արտաշիրիմումին էլ եմ պատրաստ: Եթե չբացահայտվի, Սեդա Սաֆարյանը պետք է կրկնակի նստի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Ստյոպա Սաֆարյանի ընտանիքի եվրոպական բարքերը ու ՎԱՐՔԸ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930