Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկուսակցական սենատորները կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այս ապրիլ ամսին Հայոց ցեղասպանությունը հաստատել որպես ցեղասպանության հստակ դեպք: Այս մասին հաղորդում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը:
Անցած շաբաթ Սպիտակ Տուն ուղարկված նամակում 15 սենատորներ կարեւորել են հրատապ անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պատշաճ կերպով հարգելու հանցագործության զոհերի հիշատակը եւ ընդգծելու բոլոր ցեղասպանությունների դեմ Ամերիկայի սկզբունքային դիրքորոշումը անցյալում, ներկայում եւ ապագայում:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Մենենդեսից ու Գարդներից եւ նրանց բոլոր գործընկերներից, ովքեր միացել են նրանց նախագահ Օբամային Հայոց ցեղասպանության մասին բաց եւ անկեղծ խոսելու գործում քաջալերելու համար»,- ասում է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Քանի որ մենք նշում ենք 100-րդ տարելիցը, աշխարհի ուշադրությունը դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Օբամայի դեռեւս չբավարարված խոստմանը եւ մեր կառավարությունը պետք է մեկընդմիշտ մերժի Ամերիկայում բերան փակելու անամոթ Անկարայի ջանքերը: Շատ պարզ է. ոչ մի ազգ արժանի չէ Ամերիկայի մարդու իրավունքների պաշտպանության դեմ «վետոյի»»,- հավելել է նա:
Սենատի նամակում, մասնավորապես նշված է. «Մինչ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ունի երկար պատմություն աջակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայերի դեմ իրականացված վայրագությունները չի ճանաչել որպես «ցեղասպանություն»: Նամակի ստորագրողները ընդգծել են, որ նախագահի սկզբունքային դիրքորոշումը կուղարկի հզոր ազդակ միջազգային հանրությանը, որ այս վարչակազմը հավատարիմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հանդուրժողականության իդեալների եւ մարդու համընդհանուր իրավունքների պահպանմանը, ինչի վրա հիմնվել է մեր երկիրը եւ նման հանցագործությունների կրկնությունը կանխարգելելը»,- նշված է նամակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ