Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի աշխատակցի սպառնալիքների դեպքով դատախազության անգործությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում

Ապրիլ 02,2015 21:45

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը  դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա մարտի 16-ի որոշումը:

Հրայր Մանուկյանի ներկայացուցիչը պահանջում է  ընդունել նոր դատական ակտ և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հարուցել քրեական գործ՝ ԱԱԾ աշխատակցի սպառնալիքների փաստով:

Հիշեցնենք, որ անցած տարի՝ ամռանը, «Ժառանգության» վարչության անդամը ՀՀ գլխավոր դատախազին  հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին:  Հրայր Մանուկյանի` ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման մեջ նշված էր,  որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, Հրայր Մանուկյանին առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Որպես պատասխան իր մերժմանը՝ սպառնացել է նրան, նրա և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին: Հաղորդման հետ միաժամանակ Հրայր Մանուկյանի կողմից դատախազություն է ներկայացվել հիշյալ զրույցի վերաբերյալ ձայնագրությունը:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` Փանոսյանը Հրայր Մանուկյանին գրությամբ տեղեկացրել էր, որ հաղորդումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում: Դատախազության անգործությունը Մանուկյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, որտեղ նույնպես մերժում էր ստացել:

«Ուսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի 2014 թվականի հուլիսի 08-ի հաղորդումը` դատարանն արձանագրում է, որ այդ հաղորդման մեջ որևէ տեղեկություն չի պարունակվում կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված տեղեկությունները համարվեն հանցագործության մասին հաղորդում: Դրանում նշված են միայն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի սուբյեկտիվ գնահատականները և ՀՀ ԱԱԾ-ի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ նրա ենթադրությունները»,- հիմնավորել էր դատարանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Կից ներկայացնում ենք վերաքննիչ բողոքն ամբողջությամբ:

Վ Ե Ր Ա Ք Ն Ն Ի Չ   Բ Ո Ղ Ո Ք

/Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2015թ. ԵԿԴ/0154/11/14 որոշման դեմ/ (բողոքարկվում է ամբողջությամբ)

Փաստերի շարադրանքը

 

1. 08.07.2014թ. «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:

2. 18.07.2014թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ` Ա.Փանոսյանը Հ.Մանուկյանին գրությամբ տեղեկացրել է, որ հաղորդումը հանցագործության հատկանիշներ չի պարունակում:

3. 21.08.2014թ. Հ.Մանուկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բողոք է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

4. 16.03.2015թ. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Հիշյալ որոշումը ստացել ենք 27.03.2015թ. (փաստը հաստատվում է դատարանի որոշումը պարունակող փոստային ծրարի վրա դրված կնիքով):

Բողոքի ընդունելիության վերաբերյալ

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն, ըստ էության, չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում: 16.03.2015թ. Առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասում նույնպես նշված է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից 10-օրյա ժամկետում: Ինչպես նշվել է սույն բողոքի 4-րդ կետում, հիշյալ որոշումը ստացել ենք 27.03.2015թ-ին:

2. ՀՀ Սահմանադրական դատարանը N ՍԴՈ-1052 որոշման 8-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար» և «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր նման դեպքերում կողմը պետք է ունենա ողջամիտ ժամկետ դատական ակտն ստանալուց կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց, նրան պաշտոնապես հասանելի լինելուց հետո հիմնավոր բողոք ներկայացնելու համար: Իսկ, ինչպես նշվեց, բոլոր այն դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինի ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը»:

3. ՀՀ Սահմանադրական դատարանը N ՍԴՈ-1052 գործով որոշել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի»: ՀՀ Սահմանադրական դատարանի հիշատակված որոշման լույսի ներքո, գտնում եմ, որ մեր կողմից պահպանվել են բողոքարկման ողջամիտ ժամկետները:

 

III. Վերաքննիչ բողոքի հիմքերը և փաստարկները.

 

Գտնում եմ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անհիմն է և պետք է վերացնել հետևյալ պատճառաբանությամբ.

1. 08.07.2014թ. Հրայր Մանուկյանի` ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման մեջ նշված է եղել, որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, Հրայր Մանուկյանին առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Որպես պատասխան իր մերժմանը՝ սպառնացել է նրան, նրա և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին: Հաղորդման հետ միաժամանակ Հրայր Մանուկյանի կողմից դատախազություն է ներկայացվել հիշյալ զրույցի վերաբերյալ ձայնագրությունը:

2. Առաջին ատյանի դատարանը իր որոշման «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում մասնավորապես նշել է. «Ուսումնասիրելով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի 2014 թվականի հուլիսի 08-ի հաղորդումը` դատարանն արձանագրում է, որ այդ հաղորդման մեջ որևէ տեղեկություն չի պարունակվում կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված տեղեկությունները համարվեն հանցագործության մասին հաղորդում: Դրանում նշված են միայն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի սուբյեկտիվ գնահատականները և ՀՀ ԱԱԾ-ի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ նրա ենթադրությունները»:

3. Գտնում եմ, որ Առաջին ատյանի դատարանը կատարել է սխալ եզրահանգումներ. նախ, Հրայր Մանուկյանի` դատախազություն ներկայացված հաղորդման և ձայնագրության համադրումից ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը):

4. Որպես հիմնավորում ցանկանում եմ ներկայացնել ձայնագրությունից մի հատվածներ, որոնք հնչել են ենթադրյալ ԱԱԾ աշխատակից Վլադ Հակոբյանի կողմից. «Ուզում ես` ասեմ, թե քանի հոգու հետ ես դու խոսացել մեր հանդիպման մասին, ես էդ էլ գիտեմ»: Հրայր Մանուկյանի այն պնդմանը, որ չի կարող այնպիսի հետևանք լինի, որ ոչ միայն ինձ վերաբերի, այլև մարդկանց, որոնք իր հարազատներն են ու բարեկամները, Վ.Հակոբյանը պատասխանել է. «Կարող ա չի, շատ ա, շատ-շատ ա, հիմա ես քեզ զարմացնելու համար հերթով չասեմ, բայց իմացի, որ շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ»։ Նշվածից ակնհայտ է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Հ.Մանուկյանի անձնական կյանքի վերաբերյալ հավաքվել են տեղեկություններ: Տեղեկություններ հավաքելու իրավական հիմքը անհայտ է, ինչից կարելի է եզրակացնել, որ նշված տեղեկությունների հավաքագրումը եղել է ապօրինի:

5. Հաջորդը, տեղի է ունեցել հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի հատկանիշներով (միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը): Ցանկանում եմ հիշեցնել, որ Հրայր Մանուկյանը հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ: Փորձելով ներգործություն ունենալ Հ.Մանուկյանի վրա, փորձ է արվել ազդել նաև «Ժառանգության» կուսակցության գործունեության վրա: Միևնույն ժամանակ Հ.Մանուկյանին` իր կամքին հակառակ համագործակցելուն ներգրավելու փորձը կարող է ունենալ սառեցնող արդյունք, որ նա հետագայում չեզոք մնա կուսակցական գործունեությունից: Այսպիսով կարելի է գնատահել, որ միջամտություն է տեղի ունեցել Հ.Մանուկյանի` միավորման ազատության նկատմամբ:

6. Այն որ, Հ.Մանուկյանի հավաքագրելու փորձը պայմանավորված է եղել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ լինելու և քաղաքական գործունեության հետ, ապացուցվում են ձայնագրությունում առկա, ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանի հետևյալ խոսքերով. «Ես չեմ կարա երաշխավորեմ, ասենք, որ մի երկու ամիս հետո մամուլում մի հատ բոմբ չի պայթի Ժառանգության, Ժառանգության վարչության հետ կապված, քո հետ կապված, մեկը չի հավատա, 10-ը չի հավատա, հազարը կհավատան: (…) Բայց դե էդ դու գնացիր, մենք ստեղ ենք, մոտիկներդ ստեղ են, կուսակցությունդ ստեղ է: (…) Լավ, ասենք, կուսակցության վարչությունը հեչ, էդ պայթեց, վարի գնաց, էդ քեզ չի հետաքրքրու՞մ: Էդ մարդիկ քեզ միջնորդել են, քեզ երաշխավորել են, տարել են վարչության կազմ»: Այս ձայնագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից եղել է «Ժառանգություն» կուսակցության գործունեությանը միջամտելու և խոչընդոտելու փորձ:

7. Վերջապես տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Ենթադրյալ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել Հրայր Մանուկյանի իրավունքներին ու օրինական շահերին: Հրայր Մանուկյանի և նրա հարազատների հասցեին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի կողմից հնչել են տարբեր տեսակի սպառնալիքներ: Եթե դա արվեր այլ անձի կողմից, կարելի էր և լուրջ չընդունել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Մանուկյանը բոլոր հիմքերն ուներ ենթադրելու, որ սպառնալիքները հնչում են ԱԱԾ աշխատակցի կողմից, ապա այդ սպառնալիքների իրագործումը տվյալ դեպքում դառնում էր իրատեսական: Ինչի արդյունքում Հ.Մանուկյանը կարող էր ունենալ հոգեկան ապրումներ, անհանգստություններ, այդ հանգամանքը կարող էր ազդել, որ նա այլևս չզբաղվի հասարակական կամ քաղաքական գործունեությամբ և այլն:

8. Ստորև ներկայացնում եմ ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանի կողմից հնչեցված սպառնալիքները. «Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։ (…) Մոռացի, որ պետությանը ոչ ասող մարդը էս երկրում կարա, ասենք, ինչ-որ բանի հասնի: (…) Գիտակցու՞մ ես` որոնք են էդ հետևանքները, որ դրանք ոչ միայն քեզ են վերաբերում, դրան պատրա՞ստ ես: (…) Մեզ «չէ» չեն ասում: Ես քեզ դալշե մոտավոր չեմ ուզում բացատրեմ «չէ»-ի հետևանքները: Դու հասկանու՞մ ես, հիմա ես քեզ ամենաչնչինն ասեմ, իմ վրա դրված է էն հարցը, որ ես որոշեմ` քեզ Չեխիա թողնե՞մ, թե՞ չէ: (…) Տենց վստա՞հ ես, մեզանից շատ կապեր ունե՞ս: Գնացիր էլ, ասենք, թեկուզ գնացիր, ես քեզ խորհուրդ կտամ ընդեղ էլ մնաս, որովհետև ստեղ դու ապագա հաստատ չունես: Պետությանը «չէ» ասողը էս պետության մեջ ապագա չունի, դա մեկին գումարած մեկն ա, որ ես քեզ ասում եմ, հասարակ լոգիկա է: Քո էդ գժական դիպլոմով, գիտելիքներով էլ, որ հետ գաս, մաքսիմում ամենալավ աշխատանքը, որ ստեղ կունենաս, էդ հացի փռում կարող ա պահակ աշխատես: Մոռացի, որ քո առաջ ինչ-որ դուռ կբացվի: Կոպիտ ասած, դու ընկնում ես սև ցուցակ: (…) Բա ինչի՞ մասին է խոսքը, ինչու՞ ես հիմա մեզ թերագնահատում: Լուրջ չես ընդունում, իսկ էդ լուրջ չընդունելը կարա բերի շատ վատ հետևանքների` ոչ միայն քո համար: (…) Ուրիշ տարբերակ ասեմ, քո հանդեպ կարա վաբշե բացասական բան չլինի, բայց ուրիշների հանդեպ կլինի, եթե դու դրան է՞լ ես պատրաստ, ասենք, չգիտեմ, ոչ միայն քո կարիերան, քո ապագան զոհաբերես, այլև ուրիշներին… (…) Հրայր ջան, էդ գիտես ինչի համար է արվու՞մ: Դա արվում է` որպես օրինակ` ի ցույց մյուսների, որ նման բան անել չի կարելի …Որ քո էն ընկերները, որոնք էսօր մեր հետ են, իմանան, որ ճիշտ ընտրություն են կատարել: Ովքեր էլ որ պտի կատարեն էդ ընտրությունը, նախապես ճիշտ կողմնորոշվեն: (…) Ես ասենք, անկեղծորեն չեմ ուզում, որ պետությունը քո պես կադր կորցնի, որովհետև հեռանկարային էիր, կարայիր ինչ-որ բաների հասնեիր, բայց ռազ ուժ ասում ես` իմ դեմ դռները փակեք, ոչինչ, թող իմ մոտիկներն իմ պատճառով տուժեն, տենց ես ուզում՝ տենց կանենք: Մենակ դու լինեիր, կասեի` հարց չկա, գնա, մի արի … (…) Մինչև էդ կարող ա էդ բոմբը տրաքի քեզ հանեն…էն որ քո համար պետական դռները, մասնավորինն էլ 99 տոկոսով փակվում են, վստահ եղի…»:

9.Վերոգրյալից ակնհայտ է, որ Հ.Մանուկյանի և նրա հարազատների հասցեին հնչել են ինչպես կոնկրետ, այնպես էլ ընդհանրական բնույթի սպառնալիքներ: Կոնկրետ սպառնալիքներից են իրեն Չեխիա չթողնելը, աշխատանք չգտնելը, նրա` սև ցուցակում հայտնվելը, պետական և մասնավոր կառույցների դռների փակվելը և այլն: Գտնում եմ, որ պետք է հարուցվեր քրեական գործ` նշված հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները պարզելու ուղղությամբ, որը չի արվել, իսկ դատարանը պետք է այս ամենին տար արժանի գնահատական: Ստացվում է, որ ցանկացած կառույց, կամ նույնիսկ անհատ անձինք, կարող են անձի կամքին հակառակ և սպառնալիքների ազդեցության տակ անձանց ստիպել, որ համագործակցեն և կատարեն հարկադրված աշխատանք, իսկ քաղաքացին չի կարող որևէ կերպ պաշտպանվել այդ երևույթից:

10. Եզրափակելով ցանկանում եմ նշել, որ Հրայր Մանուկյանի հաղորդումը անհետևանք թողնելը կհանգեցնի ՀՀ Սահմանադրության 18-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք), 23-րդ (անձնական ու ընտանեկան կյանքի հարգանքի իրավունք), 28-րդ (կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք), 32-րդ (աշխատանքի ընտրության ազատություն, հարկադիր աշխատանքի արգելում), Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 4-րդ (ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում ), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 9-րդ (հավաքների և միավորման ազատություն) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման:

Բողոքի պահանջը

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-379-րդ, 3801-րդ և 394-րդ հոդվածներով

ԽՆԴՐՈՒՄ  ԵՄ

 

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մարտի 16-ի թիվ ԵԿԴ/0154/11/14 որոշումը բեկանել, ընդունել նոր դատական ակտ և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը հարուցել քրեական գործ:

 

Հրայր Մանուկյանի

ներկայացուցիչ`                                         Ռ.Ռևազյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930