Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք ո՞ւմ գերեզմանին են գնում, որ մեռելոցներին դրսում մեր դեսպանատներն էլ չեն աշխատում»

Ապրիլ 02,2015 20:33
Hranush kharatyan

«Մեր տոնացույցը զգալի չափով կրոնականացած է: Մենք աշխարհիկացումից վերադառնում ենք դարձյալ կրոնական մշակույթ, ազգային ավանդույթներն այսպես չեն ձեւավորվում եւ ընթացք չեն ստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն` անդրադառնալով այսօր կառավարության նիստին քննարկվող մեռելոցների ոչ աշխատանքային օր լինել-չլինելու հարցին:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը փոխանցել է մասնավոր ընկերությունների այն դժգոհություններին, մեր երկրում ոչ աշխատանքային օրերը շատ են, ինչը վնասում է նրանց բիզնեսին.«Տնտեսական այս պայմաններում նրանք ասում են, որ վնասներ են կրում»: Տարիներ շարունակ տարբեր գործիչներ քննադատել են, Հայաստանում մեռելոցների` երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային լինելը:

Տիկին Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեռելոցային տոնացույցը շատ տխուր է` թե’ բարոյապես, թե’ իրավապես, եւ թե’ իր դինամիկայի ու զարգացումների իմաստով. «Ամեն հասարակարգում լինում են տրանսֆորմացիաներ, խորհրդային իշխանության ժամանակ այն տրանսֆորմացվել է` մեր եկեղեցական տոնացույցը փոխարինվել է խորհրդային տոնացույցով: Լավ էր, վատ էր, այլ հարց է, բայց մենք անցել ենք մի շրջան, որ տոնացույցը բացարձակ աշխարհիկ է եղել: Հիմա մեր տոնացույցն զգալի չափով կրոնականացած է, մեր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները միասին են, Զատիկը մեզ մոտ պետական քրիստոնեական տոնացույցում է ներառված: Կան քրիստոնյա երկրներ, որոնք ավանադաբար ունեցել են այս տոներն իրենց օրացույցում»:

Ինչ վերաբերում է մեռելոցների ոչ աշխատանքային օր լինելուն, տիկին Խառատյանն ասաց.«Դեռ 2 տարի առաջ եմ պարզել, որ այդ օրերին դրսի մեր դեսպանատներն էլ չեն աշխատում: Նրանք ինչո՞ւ չեն աշխատում, նրանք ո՞ւմ գերեզմաններին են գնում այնտեղ: Երկուշաբթի օրերին այլ երկրներում  Հայաստանի դեսպանատուն դիմելու հնարավորություն չկա»:

Հրանուշ Խառատյանը նկատեց, որ մեռելոցային երկուշաբթիները ոչ աշխատանքային դարձնելով ու մարդկանց գերեզմաններ գնալու հնարավորություն տալով, որպեսզի կիրակի գնան եկեղեցի, ամենեւին էլ եկեղեցիները դրանով չեն լցնում. «Սա չէ ճանապարհը մարդկանց եկեղեցու հետ կապելու: Հակառակը, դա մի ճանապարհ է, որ եկեղեցի գնացողին արդեն «խրտնեցնում են» նաեւ եկեղեցի գնալ: Եկեղեցի-հանրություն կապն այս ճանապարհներով չպիտի ձեւավորվի»:

Մեռելոցների քննարկումն այսօր կառավարությունում ուշագրավ էր նրանով, որ նիստին հրավիրվել էր Արշակ սրբազանը` եկեղեցու տեսակետը

լսելու համար: Արշակ Սրբազանը Արշակ սրբազանն այսօր պատմական դրվագներ է ներկայացրել, եւ չի չբացառել, որ մեռելոցների դեմ հասարակության որոշ շրջանակների կողմից հրահրվող արշավ է սկսվել: Նա ասել է, որ վերջին մարդահամարով` մեր բնակչության 96%-ը հայտնել է, որ Հայ-առաքելական եկեղեցու հետեւորդներ են, ուստի սրբազանի կարծիքով հենց նրանց կարծիքը պետք է հարցնել: Նշենք, որ այսօր հարցի վերաբերյալ որոշում չի ընդունվել, այն դեռ պիտի քննարկվի:

Aravot.am-ի այն հարցին` թե ինչ կարծիք ունի տիկին Խառատյանն այն երեւույթի վերաբերյալ, երբ պետական գործերին, որոշումներին «խառնվում է» եկեղեցին, ազգագրագետն ասաց.«Չեմ կարծում, որ դա սարսափելի բան է , եկեղեցականն էլ է մեր երկրի քաղաքացին է, եկեղեցին էլ ունի մեր երկրի քաղաքական որոշումների հետ կապված խնդիրներ:Ես կարծում եմ, որ նորմալ է, երբ  որ հոգեւորականն էլ մասնակցի նման խնդիրներին: Կարծում եմ հոգեւորականն էլ կարող է նաեւ պատգամավոր առաջադրվել եւ օրենքների վրա աշխատել եւ ազդել: Ոչ ոք իրավունք չունի նրանցից այդ իրավունքը խլել: Եկեղեցին, մեծ հաշվով, մեր երկրում հասարակական կազմակերպություն է, հասարակական խնդրով մտահոգ, հետաքրքրվող քաղաքացիների միություն է, եւ ցանկացած մեկը կարող մասնակցել օրենսդրական վարչական աշխատանքներին, կարող է վարչական պաշտոն զբաղեցնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “…այդ օրերին դրսի մեր դեսպանատներն էլ չեն աշխատում: Նրանք ինչո՞ւ չեն աշխատում, նրանք ո՞ւմ գերեզմաններին են գնում այնտեղ:”
    Ձեր իսկ տրամաբանության կարող ա Բեռլինը դուք եք ազատագրել 45 թվին, որ հիմա “Մայիսի 9” եք նշում:
    Պետական ոչ-աշխատանքային օրը գործում է բոլոր պետական հիմնարկների համար: Այդքան բան:

  2. Զատիկ says:

    Արևմտյան երկրներում (կաթոլիկները) սուրբ Հարության տոնը նշում են երկու պետական ոչ աշխատանքային օրով` ավագ ուրբաթը և զատիկի երկուշաթին -Good Friday and Easter Monday. Նույնիսկ եթե գերեզման չեն գնում, այդ երկու օրը միանշանակ տոնական օրեր են, և ոչ աշխատանքային… Պետք չէ հեծանիվ հայտնագործել, պետք է տոնել և հանգստանալ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930