Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները կտրականապես դեմ են, որ Պերմյակովին տանեն Ավետիսյանների տուն (Տեսանյութ)

Ապրիլ 02,2015 20:25

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում «Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի ընթացքը» թեմայով, որին մասնակցում էին Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ կան հարուցված երկու քրեական գործեր, մեկը՝ ռուսական կողմում, մյուսը՝ հայկական: Իրենք՝ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ներգրավված են հայկական կողմում: Ըստ փաստաբանի, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց մի քանիսի եզրակացությունները ստացվել են: Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենց ստացած ամենագլխավոր ու վերջնական պատասխանն այն է, որ Ավետիսյանների ընտանիքում արձակված կրակոցները միևնույն զենքից են եղել, և, ըստ որոշ չստուգված տվյալների, այդ զենքը ամրագրված է Պերմյակովին:

«Այս մասով փորձաքննությունների եզրակացությունները վերջնական են, բայց մենք ունենք փորձաքննությունների եզրակացություններ, որոնք ստացել ենք, բայց վերջնական եզրահանգում չենք կարող անել, որովհետև դեռևս չեն ստացվել մյուս փորձաքննությունների եզրակացությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դատակենսաբանական փորձաքննությանը, որով, մասնավորապես փորձաքննության էր ենթարկվել այն հագուստը, որը թողնված էր Ավետիսյանների բնակարանում, որոնց վրա գիտեք որ առկա է Պերմյակովի անունը: Կոշիկներ, հագուստ, ձեռնոցներ, նաև պայուսակ, նաև հրազենի վրա առկա որոշակի հետքեր, ծխուկներ, որոնք հայտնաբերվել են տանը: Այս եզրակացությունից պարզ է դառնում այն քրտինքը, որը առկա է եղել այդ հագուստների վրա, իրենց խմբային պատկանելությամբ համընկնում է Պերմյակովի արյան խմբի հետ, սակայն սա վերջնական չենք կարող ասել, որ Պեմյակովինն է, քանի դեռ չկա դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ , շարունակելով թեման, ասաց, որ գենետիկական փորձաքննությունը երկարատև է, և այն չի ավարտվի երեք շաբաթում: «Նախապես ասեմ, որ ես որևէ կարծիք չեմ արտահայտելու այն մասին, թե ինչ պիտի լինի հիմա Պերմյակովի հետ, այսինքն` պետք է հանձնե՞ն, փոխանցե՞ն, ի՞նչ պիտի անեն…Բացատրեմ, թե ինչի համար. էս պահին կատարվում է ինչ-որ գործընթաց, որից, անկեղծ ասած, ներկաները, այդ թվում  մենք, հստակ տեղեկություն չունենք: Այսինքն` ինչ հարաբերություններ են տեղի ունեն Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև: Երբ որ մենք կունենանք դրա պատասխանները, դրա գնահատականները կարելի է էդ ժամանակ տալ: Ես կուզենայի անդրադառնալ մեր ոստիկանության անգործության փաստին: Մենք, որ հավաքվել ենք էստեղ ու քննարկում ենք, թե Պերմյակովը ի՞նչ պիտի լինի՝ պիտի փոխանցվի՞, պիտի հանձնվի՞, որտե՞ղ պիտի լինի դատավարությունը, ինչ-որ Լեբեդևներ են գալիս, կարծիքներ են հայտնում, թե էսքան օրում կավարտվի, մենք ձեր խնդրանքները լսել ենք, դատավարությունը կանցկացնենք էս տարածքում, էն տարածքում…Մենք ոչ մեկից ո՛չ խնդրողի, ո՛չ պահանջողի դերում չպիտի լինեինք, եթե Հայաստանի հանրապետության ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պիտի գործեր: Իսկ նորմալ գործելու պարագայում Պերմյակովը պիտի գտնվեր ՀՀ իրավազորության ներքո համապատասխան քրեակատարողական հիմնարկում, մենք էս հարցերը չէինք ունենա իհարկե»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Ի դեպ, այս երկու փաստաբաններն էլ կտրականապես դեմ են, որ Պերմյակովին տանեն Ավետիսյանների տուն: Ըստ Լուսինե Սահակյանի, եթե Պերմյակովը չի եղել դեպքի վայրում, այնտեղ գնալով ու ծանոթանալով՝ նա կսկսի իր ցուցմունքներում շտկումներ անել ու դեպքի վայրը նկարագրել այնպես, ինչպես կա: Հետևաբար` և սա շատ լուրջ սխալ կլինի: «Ինչ-որ մի գործողություն, որ մենք անում ենք՝ դրա իմաստ ո՞րն է, օգնե՞լ Պեմյակովին, թե՞ ընդհակառակը օգնել քննությանը, որպեսզի բազմակողմանի քննություն կատարվի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբան  Երվանդ Վարոսյանը կարևորեց այն, որ անհրաժեշտ է համադրել Պերմյակովի՝ թե՛ հայկական և, թե՛ ռուսական քննիչներին տրված ցուցմունքները, ինչպես նաև դեպքի վայրի զննության արձանագրությունը համադրել փորձագետի եզրակացության հետ՝ պատկերը հասկանալու համար:

«Էդ հնարավորություն կտա շատ հարցերի պատասխանել, նաև հասկանալ, թե ի վերջո էս մարդը ցուցմունք է տալիս մի բանի մասին, որին ինքը ականատե՞ս է եղել, տեսե՞լ է, մասնակցե՞լ է , թե ուղղակի ցուցմունք է տալիս ինչ-որ մեկի կողմից պատմելով: Տևական ժամանակ խոսակցություններ էր գնում, թե ինչո՞ւ Պերմյակովը չի բերվում Ավետիսյանների տուն քննչական փորձարարություն և այլն…Ես, անկեղծ ասեմ, դեմ կլինեմ,  որ ինքը բերվի էդ տուն: Շատ ավելի լավ կլինի ինքը էդ տունը չտեսնի, եթե ընդունենք էն վարկածը, որ էդ մարդը էդ տունը չի էլ տեսել , լավ կլինի , որ չտեսնի ու էդպես չտեսած էլ մնա, որովհետև  եթե ինքը չէ էդ տուն մտնող, ոճրագործություն կատարող անձը , ապա իր մանրակրկիտ տված ցուցմունքները դեպքի վայրի հետ համադրելով՝ կարող ենք պարզել, ճիշտ է ասում, թե՞ չէ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ արձանագրեց, որ Պերմյակովը, գտնվելով ռուսական կողմի հսկողության տակ, ի սկզբանե դա խոչընդոտել է քննության իրականացմանը: «Հանցագործության վերաբերյալ փաստական հանգամանքների ոչնչացումը հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, իսկ դա պայմանավորված է ռուսական կողմի գործողություններով: Եվ էստեղ պետք է քրեական գործ հարուցվի, և ես համաձայն եմ, իհարկե, այն տեսակետի հետ, որ իրավական գնահատականներ չտալը ռուսական կողմի գործողություններին, դա նույնպես հանդիսանում է քրեական գործի հետ կապված շատ էական նշանակություն ունեցող հարց: Հիմա նման պարագայում, երբ մենք հույսներս դնելու ենք փաստական հանգամանքների վրա , բավական մեծ ծավալ կա, դա վերջնական պատասխան չի տալու երկու գլխավոր հարցի՝ առաջինը ո՞րն է շարժառիթը: Ո՞րն է Պերմյակովի՝ էս պահին ենթադրյալ կասկածյալի Ավետիսյանների ընտանիքին ոչնչացնելու շարժառիթը: Մեծերին սպանեցիր, բա փոքրե՞րը, ի՞նչ վկայություն պետք է տա, թե դու էդտեղ ի՞նչ ես կատարում:

Էս պահին ինձ համար մի փոքր հարց կա. գնդակների քանակը անհամաչափ է: Կան մարմիններ, որոնց վրա ավելի շատ գնդակներ կան, կան մարմին մի կրակոց կամ երկու կրակոց մաքսիմում: Իսկ Սերյոժա Ավետիսյանը, դուք գիտեք, հրազենի հետևանքով չի մահացել, այլ դանակահարությամբ: Կա որ մի կրակոց է, կա, որ շատ ու շատ կրակոց է, սա էլ է հետարքրքիր վարքագծի հետ կապված: Եվ մի հարց, որն ինձ ի սկզբանե հետաքրքրել է, ինչ ուզում է ուսումնասիրեն ռուսական կողմը, հայկական կողմը, 20 փամփուշտից ավել կրակոցների ձայնի չլսելը գործով անցնող վկաների կողմից: Մենք վկա ունենք, որն այդ օրը գտնվել է 5 մետր հեռավորության վրա բնակարանում, որին արդեն քննիչները հարցաքննել են, ինքը չի լսել: Շարժառիթը և կրակոցի չլսվելու հանգամանքը, եթե իմ հարցերին չի պատասխանվելու, մնացածը ինչ ուզում է հայտնաբերեն:

Եվ վերջապես, ով որտե՞ղ է դատվելու, հայկական կողմը ավարտեց նախաքննությունը, դա ուղարկվելու է Հայաստանի դատարան, ռուսական կողմը ավարտեց, ուղարկվելու է ռուսական դատարան: Ես չգիտեմ էս հարցը ինչպե՞ս է լուծվելու: Էս խնդիրը լուծված չէ, ոչ միայն չի լուծված, այլև իմ մոտ հարց է ծագում ռուսական կողմը ի՞նչ քրեական գործ է քննում Ավետիսյանների սպանության հարցով, երբ որ տուժողները՝ որպես տուժող, չեն ներգրավված քրեական գործում: Ավետիսյանների իրավահաջորդները չեն ներգրավված գործում»,-ասաց Արթուր Սաքունցը:

Լուսինե Սահակյանը նրան հակադարձեց, որ Ավետիսյանների հարազատները չեն ցանկանում ներգրավվել ռուսական կողմի հարուցված քրեական գործում, քանի որ անելիք չունեն այնտեղ, այդ գործը ապօրինի է:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրեց, որ համաձայն քննչական կոմիտեից ստացած պաշտոնական տեղեկությունների, 60-80 հոգի են հարցաքննվել: Ըստ նրա, բացահայտ սուտ է, որ 4000 մարդ Ավետիսյանների սպանության գործով հարցաքննվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930