Դեռեւս հին ժամանակներում շատ պատմիչներ անդրադարձել են կանանց դերին,սակայն անդրադարձել են որպես խոցելի խմբի ներկայացուցիչների՝ տղամարդկանց սեփականություն, որոնց պետք է տիրել եւ դրա միջոցով թշնամուն ցույց տալ, որ՝ ես քո սեփականությանն եմ տիրել եւ դու պարտության ես մատնվել: Ցանկացած ռազմական հակամարտության ժամանակ կանայք թիրախավորվում են: Այսօր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ում տեղի ունեցած «Կանայք խաղաղության և հակամարտության խաչմերուկում» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Aravot.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Կանանց ռեսուրսային կենտրոնի խաղաղաշինական ծրագրերի համակարգող Քնարիկ Մկրտչյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ կանանց դերին եւ առաջ եկած հիմնախնդիրներին, մեր զրուցակիցը նկատեց, որ հետկոնֆլիկտային ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում էր քաղաքական եւ սոցիալական ծանր իրավիճակում, կնքվել էր ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ուղղակի զինադադարի պայմանագիր, չստեղծվեցին մեխանիզմներ, որոնք հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում մի շարք հիմնախնդիրների կանդրադառնային. «Առաջին հերթին ցանկանում եմ առանձնացնել զինվորների ռեաբիլիտացիոն ժամանակաշրջանի բացակայությունը, որի ընթացքում նրանք կարող էին ստանալ ֆիզիկական եւ հոգեբանական օգնություն: Դրա բացակայության պատճառով, վերադառնալով տուն, ամբողջ բարդությունը թողնում էին կանանց վրա: Տղամարդիկ, վերադառնալով որպես հերոսներ, իրենց սպասելիքներն իրականության հետ չհամապատասխանեցնելով, սկսում են հիմնական ճնշումը գործադրել կնոջ վրա»:
Բացի դրանից,Քնարիկ Մկրտչյանը վստահեցնում է, որ ռեսուրսների բացակայության պատճառով հետազոտություն չկատարվեց, թե ինչպես են տուժել կանայք. «Ոչ ոք չի մտածում, թե հակամարտությունների ժամանակ ինչ է տեղի ունենում խաղաղ բնակչության հետ՝ ռեսուրսների սղություն, դերերի կրկնապատկում, երբ կանայք ստիպված են հանձն առնել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դերը: Այստեղ վտանգի է ենթարկվում նրանց ֆիզիկական անվտանգությունը, նրանց առողջությունը»: Եվ սա է պատճառը, որ հետազոտությունների իրականացնելու համար բավարար տվյալներ չկան. «Չկա թե քանի կին է բռնաբարվել, քանի է կին է թրաֆիքինգի ենթարկվել հակամարտության ժամանակ եւ դրանից հետո»:
Մեր զրուցակիցը կիսվեց կանանց ռեսուրսային կենտրոնի փորձով: Նա տեղեկացրեց, որ կենտրոնն իր մասնաճյուղն ունի նաեւ Շուշիում, որը հիմնվել է 2007 թվականին. «Սկզբնական ուղղվածությունը լինելով խաղաղաշինությունը, կանայք հավաքվել են եւ կիսվել իրենց փորձով: Հենց այդ հանդիպումների ժամանակ են նրանք կիսվել բռնաբարության կամ սեռական բռնության դեպքերով, որ ենթարկվել են հակամարտության տարիների ընթացքում: Սակայն նրանք բռնության են ենթարկվել ոչ միայն ադրբեջանցիների կողմից, խնդիրը առկա է եղել նաեւ երկրի ներսում»:
Կարդացեք նաև
Կանանց անհավասար ներկայացվածությունը, նրանց ձայների լսելի չլինելը, որոշումներ կայացնելու գործընթացում կին ներկայացուցիչների բացակայությունը, զինվորական ուժերում բավարար ներկայություն չունենալը՝ այս ամենը հնարավորություն չեն տալիս ունենալ կին ներկայացուցիչներ, որոնց առկայությունը կարող էր քչացնել բռնությունների քանակը կանանց նկատմամբ:
Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում կանանց ներկայությունը կարեւոր որոշումների ընդունման դեպքում ավելացել է, կանայք ավելի շատ են սկսել բարձր պաշտոններ գրավել եւ ի՞նչ կտա ավելի շատ կին ղեկավարներ ունենալը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թվում է, թե Հայաստանում կան կանայք, որոնք բարձր պաշտոններ են գրավում, սակայն, եթե որակական վերլուծության ենթարկել, ապա կտեսնենք, որ ոչ. «Օրինակ` պաշտպանության նախարարությունում բոլոր ղեկավար դիրքերը գրավում են տղամարդիկ: Եթե կին ղեկավարները շատ լինեն, ապա նրանց միջոցով հնարավոր կլինի հիմնախնդիրները բարձրացնել եւ կանանց ձայնը լսելի դարձնել: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե կանայք ավելի շատ են ներկայացված բարձր պաշտոններում, ապա կանանց եւ երեխաների հիմնախնդիրները շատ ավելի հեշտ են լուծվում»:
Կանայք կարող են դրական ազդել նաեւ երկրի համար կարեւորագույն որոշումների ընդունման վրա. «Իսկ այսօրվա Ազգային Ժողովում կանայք 12 տոկոսն են կազմում, սակայն քվոտաների օրենքի համաձայն կանանց ներկայությունը պետք է լինի 20 տոկոս: Եթե համեմատենք՝ մի քանի տարվա մեջ մենք ունեցել ենք ընդամենը 2 տոկոսի աճ, որը ցույց է տալիս, որ մենք տեղում ենք դոփում»:
Քնարիկ Մկրտչյանը վստահեցնում է, որ մոտավորապես 25 տարի է անհրաժեշտ, որպեսզի, քվոտաների օրենքի համաձայն, կանանց ներկայությունը հասնի 20 տոկոսի:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ