Ինչպես արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեք վճիռ է ընդունել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ վճիռներից մեկով ՄԻԵԴ-ը բավարարել է Արտաշես Դավթյանի գանգատը:
Նա ՀՀ քաղաքացի է և ապրում է Հայաստանում: Նրա գանգատը վերաբերում է մասնավորապես նրան, որ 2003-2006-ը նրան ապօրինաբար կալանքի տակ են պահել՝ զրկելով խնամքից, բուժօգնությունից և հասցրել ծայրահեղ առողջական վիճակի: Արդյունքում նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության: Ուստի ՀՀ կառավարությունը՝ որպես բարոյական վնաս, Արտաշես Դավթյանին պետք է վճարի 9000 եվրո՝ նրա նկատմամբ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի համար։
Մյուս վճիռը ՄԻԵԴ-ը կայացրել է ՀՀ Հելսինկյան կոմիտեի բողոքի հիման վրա: Խոսքը 2008-ի նոյեմբերին Լևոն Գուլյանի մահվան տարելիցին ակտիվիստների երթ կազմակերպելու և մոմավառության, մեկ օր անց Երևանի քաղաքապետարանից մերժում ստանալու մասին է: Այդ որոշումը ՄԻԵԴ-ը գնահատում է՝ որպես հավաքների ազատության իրավունքի և քաղաքացիների արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի սահմանափակում:
Մյուս վճիռը կայացվել է Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գանգատի հիման վրա: ՄԻԵԴ-ը 62 հազար եվրոյի փոխհատուցում է սահմանել Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին և նրանց դստերը՝ Արևիկին: 9 տարի ազատազրկման դատապարտված Բագրատ Նալբանդյանն ազատության մեջ է, նրա կինը՝ Նարինեն, մինչ այժմ անազատության մեջ է: Նշենք, որ 2005-ի փետրվարին Բագրատ ու Նարինե Նալբանդյանները ճանաչվել են մեղավոր իրենց դստեր անչափահաս ընկերուհու սպանությունը իրականացնելու մեջ:
Կարդացեք նաև
Նալբանդյանները նշել են, որ իրենք մեղքը ընդունել են ճնշումների ներքո: Խոսք է գնում նաև այն անառողջ մթնոլորտի մասին, որը գրանցվել է դատարանի դահլիճում, ինչպես նաև Նալբանդյանները նշել են իրենց հասցեին հնչած ֆիզիկական և բանավոր սպառնալիքների մասին:
Այսպիսով, Հայաստանը կես միլիոն դոլարի փոխհատուցում պետք է կատարի ՀՀ դատական համակարգի կայացրած ապօրինի վճիռների պատճառով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ