Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ. «Մի հարց. ինչպե՞ս է աշխատելու այդ արժույթային միությունը կամ ինչպե՞ս է աշխատելու միասնական արժույթը: Բայց այդ հարցը պետք է այսօրվա օրակարգի վերջում լինի, ոչ թե սկզբում»,- ըստ «Ria»-ի, «Bloomberg» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն:
Նրա կարծիքով՝ ԵՏՄ-ում կան այլ խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնք պետք է օպերատիվորեն լուծվեն. «Երբ մենք միասնական արժույթի հարցն էինք երեքով քննարկում Աստանայում, Պուտինը ասում էր, որ տնտեսապես ավելի խորը համագործակցելու համար մենք մի օր կկանգնենք միասնական արժույթի հարցի առջեւ: Դե, երևի, կկանգնենք, քանի որ եվրոն էլ հայտնվել է Եվրամիությունում: Սակայն դա այսօրվա հարց չէ»,- ընդգծել է նա:
Բելառուսի նախագահը ընդգծել է, որ «ինչ-որ ժամանակ, նույնիսկ հեռու ապագայի համար չի եղել միասնական արժույթի ստեղծման հարց» եւ հստակեցրել է, որ խոսք է գնացել այդ թեմայով փորձագիտական աշխատանքի մասին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ