«Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվ քարոզարշավ է սկսել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նրա խոսքերով՝ «Ազատ հայրենիքը»՝ կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Մարտակերտ շրջանի մեկ տասնյակից ավելի համայնքներում է եղել, հանդիպել է տեղի բնակիչներին եւ ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները:
«Ընտրարշավը բնականոն հունով է ընթանում՝ օրենքի սահմաններում, չկան բողոքներ: Հույս ունենք, որ մինչեւ վերջ այս մրցակցային պայքարը բնականոն հունով կշարունակվի՝ առանց միջադեպերի եւ օրենքների խախտումների»,- ասաց նա:
Վահրամ Պողոսյանի խոսքերով՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը համարում է, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար ամենից առաջ պետք է երկրի տնտեսությունը զարգանա, իսկ Արցախի քաղաքացին պետք է իր ապագան տեսնի Արցախում. «Մեր կուսակցության ծրագիրն է երկրի համաչափ զարգացումը, մենք ունենք վերաբնակեցման հստակ ծրագիր: Երկիրը պետք է նախ եւ առաջ ներսից ուժեղ լինի, իսկ մեր բանակը պետք է մարտունակ լինի: Արտաքին քաղաքականության հետ կապված մենք ունենք ծրագրեր, կարծում ենք՝ հնարավորության սահմաններում պետք է աշխուժացնել տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների հետ Արցախի հարաբերությունները: Դրա վկայությունն է Ֆրանսիայում ձեւավորված Ղարաբաղի հետ համագործակցության շրջանակը, տարբեր քաղաքների կողմից Արցախի տարբեր քաղաքներին քույր քաղաք հռչակելը: Մի խոսքով՝ տարբեր ձեւաչափերով փորձում ենք ակտիվացնել Արցախի ճանաչման գործընթացը»:
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ