Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին նախարար. «Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական շփման գծում, դա պատերազմ չէ»

Ապրիլ 02,2015 17:35

«Այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական շփման գծում, դա պատերազմ չէ, այլ զինադադարի կոպիտ խախտում Ադրբեջանի կողմից», – այսօր «Կովկաս» ինստիտուտում «Ռազմաքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության շուրջ: Գարնանային թեժացու՞մ» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց գեներալ-լեյտենանտ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ըստ նրա՝ «Եթե խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի մասին, ապա գործոնները շատ-շատ են և հավանականությունը սկսելու ես համարում եմ շատ քիչ»:

Վաղարշակ Հարությունյանը գրեթե բացառում է, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ պատերազմի ու հիմնավորում. «ՀՀ-ն ունի մարտունակ բանակ, և պատրաստ է կռվել: Դա լրացվում է հայ-ռուսական հարաբերություններով, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ»: Դառնալով սահմանային իրավիճակին՝ պարոն Հարությունյանն ասաց. «Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն էլ իր խնդիրներն է լուծում»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ը Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերին բավարար կերպով ինչու՞ չի արձագանքում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ը արձագանքել է: Ամեն ինչ հիմնվում է փաստաթղթերի վրա, ՀԱՊԿ-ը միջամտում է ագրեսիայի դեպքում և երբ դիմում է պետությունը: Հիմա Հայաստանը չի դիմել, ագրեսիա չի եղել»:

Վաղարշակ Հարությունյանն այն տպավորությունը չունի, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը կոշտացել է՝ ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից՝ ՌԴ-ի զենի վաճառքի հարցով:

Կովկաս ինստիտուտ տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց. «Հաճախ ղարաբաղյան հակամարտությունը անվանում են երկարատև: Սակայն այն երկարատև չէ, այլ բավական նոր, եթե դիտարկում ենք այլ հակամարտությունների համատեքստում»:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը ու նշեց. «Հակամարտությունը չի հասնելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների: ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, այս պահին ունի ավելի բարձր մակարդակի հարաբերություներ ՆԱՏՕ-ի հետ, նաև առանձին ՆԱՏՕ անդամ երկրների հետ, քան Ադրբեջանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930