Այսօր ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։ ԲՀԿ նախագահը Չինաստանի դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները։
Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետեւողական լինել երկրի առջեւ ծառացած լրջագույն համակարգային խնդիրների լուծման գործում։ Համաձայն «Բարգավաճ Հայաստանի» եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ կնքված համագործակցության հուշագրի, Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջեւ առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ երիտասարդական եւ կանանց կառույցների փոխայցերի հարցերը։
Իր խոսքում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանի կարեւորագույն քաղաքական ուժերից է եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ։
ԲՀԿ մամուլի ծառայություն