Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Մենք խնդիր չունենք ցեղասպանության ճանաչման, խնդիր ունենք արդարացի փոխհատուցման»

Ապրիլ 02,2015 16:59

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր նախագիծ է ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Նա նաեւ խնդրել է մեկ տարով հետաձգել նախագիծը: Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն իր այդ քայլը բացատրեց այսպես՝ հետաձգենք, որպեսզի քննարկում կազմակերպվի արծարծված խնդիրների հետ կապված:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մենք պետք է վիճարկենք Մոսկվայի, Կարսի պայմանագիրը, որը մեզ արգելում է ունենալ դեպի ծով ելք եւ ունենալ հնարավորություն քաղաքակիրթ աշխարհի հետ ճանապարհներ ունենալու. «Բացի այն, որ ցեղասպանությունը պետք է դատապարտվի, նաեւ ցեղասպանությունից հանցավոր պտուղները պետք է հանցագործից հետ վերադարձվի իր իրական տիրոջը: Իրավական փաթեթի մասին, որը խոսվում էր հռչակագրի մեջ, պետք է հնարավորություն ունենա ներկայացվելու: Եթե մենք չենք դատապարտում, որ Թուրքիան այսօր ՀՀ տարածքներն օկուպացրել է, ապա հայտարարությունները կմնան լոկ հայտարարություններ: Մեր պետական ինստիտուտները պետք է մասնակից լինեն այդ ամենին, ուղղակի հայտարարություններ պետք չեն»:

Մենք գտնում ենք, որ մենք Առաջին հանրապետության իրավահաջորդն ենք եւ մեր առաջին խնդիրն է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլեւ դրա հետեւանքների վերացումը:

Մեր հարցին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը դեռ չավարտված՝ արդեն հետեւանքներին անցնելը ինչքանո՞վ է ճիշտ՝ նա պատասխանեց. «Ցեղասպանությունը քրեորեն հետապնդելի արարք է՝ քրեական պատասխանատվություն ենթադրող: Երբ տեղի է ունենում սպանություն կամ զանգվածային սպանություն, դրան զուգահեռ պետք է բարձրացվի նաեւ փոխհատուցման խնդիրը՝ պատճառված վնասի խնդիրը: Այնպես չէ, որ մեկը մյուսից առանձին է, դրանք զուգահեռ պետք է արվեն: Մենք խնդիր չունենք ցեղասպանության ճանաչման, խնդիր ունենք արդարացի փոխհատուցման»,-ասաց տիկին Փոստանջյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930