Ապրիլի 3-ին Հանրային խորհրդում մեծ խորհրդակցություն է տեղի ունենալու «Հայաստանի տնտեսության համար, հատկապես՝ արտահանման գործընթացներում, ոչ բարենպաստ միջավայր է ձեւավորվել, հատկապես՝ Ռուսաստանում»,- ապրիլի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության, Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան խիստ նվազել են, նվազել են նաեւ ներմուծման ծավալները. «Այս միտումները, բնականաբար, մտահոգելու տեղիք են տալիս: Մենք՝ որպես Հայրենական ապրանք արտադրողների միություն, եւ նաեւ Հանրային խորհուրդը՝ որպես հանրային կյանքի բոլոր դրսեւորումները ուսումնասիրող կառույց, նախաձեռնություն ենք հանդես բերել ուսումնասիրել բոլոր հնարավոր ռեսուրսները, որոնք հնարավոր կդարձնեն տեղական արտադրության զարգացման համար»:
Նրա խոսքերով՝ ապրիլ եւ մայիս ամիսները Հանրային խորհուրդը հայտարարել է որպես արդյունաբերության խնդիրների ուսումնասիրության եւ արդյունաբերության աջակցության ամիսներ: Նա հավելեց, որ ապրիլի 3-ին Հանրային խորհրդում մեծ խորհրդակցություն է տեղի ունենալու, որին մասնակցելու են 70 տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: Պարոն Սաֆարյանը նշեց, որ խորհրդակցության ընթացքում քննարկվելու են վարկային, հարկային, վարչարարական բնույթի հարցադրումներ, որոնք իրենց տնտեսական գործառույթները դարձնում են ոչ արդյունավետ. «Մենք փորձելու ենք այդ ամենը համակարգել, խմբավորել եւ ներկայացնել համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ կառավարությանը, իսկ եթե լինեն հարցեր, որ անմիջապես նախագահի միջամտության կարիքը կունենան, կներկայացվեն հանրապետության նախագահին, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսությունը դարձնել արդյունավետ գործող: Դրա համար մեր տնտեսվարողների մոտ ակտիվություն է նկատվում, եւ ում հրավիրել ենք, բոլորը գալու ցանկություն են հայտնել: Խորհրդակցությունը կարեւոր քայլ կլինի տնտեսությանն ավելի լավ ծանոթանալու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ