«Կարծում եմ, առաջին հերթին պետք է շարժվենք այն ելակետից, որ ցեղասպանությունը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, եւ ինչպես ցանկացած հանցագործություն, ցեղասպանությունը ենթադրում է փոխհատուցում: Խոսել ինքնանպատակ ցեղասպանության ճանաչման մասին եւ չխոսել հաջորդ տրամաբանական քայլի՝ փոխհատուցման մասին՝ թերի է եւ որեւէ հիմք չկա դրա համար»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ նրա, մեր պահանջատիրությունը 4 հենք ունի: Նախ՝ պատմագիտական, այն է, որ հայ ժողովուրդն այս տարածքների բնիկն է եւ բնիկ ժողովուրդներին հատուկ բոլոր իրավունքները տարածվում են նաեւ հայ ժողովրդի վրա: Երկրորդը իրավական կողմն է, այն, որ Թուրքիան պետք է փոխհատուցում տա, եւ հետո, իրավական առումով վիճարկելի է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը: Այն որոշակի ազդեցությունների տակ են ստորագրվել եւ չեն համապատասխանում ներկայիս իրավիճակին:
Նա հիշեցրեց Գարեգին Նժդեհի խոսքը՝ պայմանագրերը ապրում են այնքան ժամանակ, որքան այդ պայմանագրերին կյանք տված պայմանները: Նրա խոսքերով՝ «Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերին կյանք տված պայմանները արդեն վաղուց գոյություն չունեն: Առնվազն անհասկանալի է, որ այս օրերին կան մարդիկ, որոնք պահանջում են մեր գաղափարախոսական դաշտից դուրս հանել պահանջատիրությունը՝ դա համարելով պարծենկոտություն, սուտ հայրենասիրություն: Այս քննարկումները պահանջատիրության հետ կապված պետք է տարբեր հարթակներում ընթանան: Ցանկացած քննարկում եւ աշխատանք, թեկուզ լինեն քննադատելի, որոշակիորեն խոցելի, դրանք բոլորը ողջունելի են, քանի որ այս ուղղությամբ մեր քաղաքական միտքը շատ քիչ քայլեր է արել»:
Վերլուծաբան Դավիթ Դավիթյանն էլ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատճառված կորուստների հաշվարկ: Ըստ նրա, ավերածությունների զգալի մասը հնարավոր չէ վերականգնել՝ սպանված ազգեր, կորած սերունդներ, բռնազավթված ունեցվածք. «Փոխհատուցումը երբեք չի հատուցի ամբողջ վնասը: Կան վերականգնելի կորուստներ՝ հող իրավունքներ եւ սեփականություն, անվերականգնելի են ոչնչացված բնակչությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ