Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուի համերգը Երևանում       

Ապրիլ 02,2015 15:56

    ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՆԵՐՈՒՄ ` «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ.   

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 3-ին՝ ժամը 19-ին, «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո ներկայացնում է համերգ` հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. ծրագրում կներկայացվեն Վագներ և Ռավել  (Վագների «Լոհենգրին» օպերայի 1-ին և 3-րդ գործողությունների նախանվագները, Ռավելի Իսպանական ռապսոդիան և «Դափնիս և Քլոյե» թիվ 2 սյուիտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա միջազգային լայն ճանաչում ունեցող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ում կատարմամբ էլ կհնչի Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը:

Ալան Ալթինօղլուն Երևանում հանդես կգա առաջին անգամ: Նա աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական հրավիրյալ դիրիժորն է (Նյու Յորքի Metropolitan Opera, Չիկագոյի Lyric Opera, Վիեննայի Staatsoper, Բեռլինի Deutsche Oper, Ցյուրիխի Opernhaus–ի, Փարիզի երեք օպերային թատրոններ և այլն):  Հանդես է եկել Զալցբուրգի, Օրանժի, Էքս-ան-Պրովանսի և այլ հայտնի փառատոներում: Ղեկավարել է Chicago Symphony, Philadelphia Orchestra, Orchestre National de France, Orchestre de Paris, Orchestre Philharmonique de Radio France, Orchestre National de Lyon, Staatskapelle Dresden, Staatskapelle Berlin, Bamberger Symphoniker, Ensemble Intercontemporain, Radio-Symphonieorchester Vienna և աշխարհահռչակ այլ նվագախմբեր:

Այս համերգաշրջանում  ծրագրված են «Դոն Կառլոս», «Սալոմե» օպերաների բեմադրությունները Վիեննայի Staatsoper-ում, «Մանոն Լեսկոյի» բեմադրությունը Մյունխենի Bayerische Staatsoper-ում, «Դոն Ժուանի» բեմադրությունը Փարիզի Opera National-ում: Սպասվում է Ալթինօղլուի բեմելը նաև Լոնդոնի  Royal Opera House-ում («Դոն Ժուան») և Բայրոյթի փառատոնում («Լոհենգրին»):

Իբրև սիմֆոնիկ դիրիժոր Ալան Ալթինօղլուն ղեկավարել է Գոթենբուրգի սիմֆոնիկ և Ցյուրիխի Տոնհալլե նվագախմբերը: Ապրիլին նա ղեկավարելու է Մոցարտի Ռեքվիեմը` Մեծ Եղեռնի 100-ամյակին  նվիրված համերգում:

Գերմանական Lied ժանրի գիտակ և նուրբ մեկնաբան Ալան Ալթինօղլուն, որպես դաշնակահար, իր կնոջ` Նորա Գուբիշի հետ (մեձո-սոպրանո) մշտապես ելույթներ է ունենում և ձայնագրություններ կատարում (գերմանացի հեղինակներից  բացի, դե Ֆալյաի, Օբրադոսի, Գրանադոսի, Բերիոյի, Ռավելի, Դյուպարկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ): Ճանաչված դաշնակահարուհի Նարե Արղամանյանի հետ ձայնագրել է Լիստի դաշնամուրային կոնցերտները: Ձայնագրությունների թվում է նաև Հոնեգերի «Ժաննա դ’Արկ» օրատորիան (DVD):

Ալան Ալթինօղլուն ծնվել է 1975-ին Փարիզում, որտեղ և ավարտել է Conservatoire National Supérieur de Musique-ը: Ներկայումս դասավանդում է նույն կոնսերվատորիայում:

Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ծնվել է Երևանում` երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Նրա դասատուներն էին պապը` ավագ Ալեքսանդր Չաուշյանը և պրոֆեսոր Զարեհ Սարգսյանը: Լոնդոնի Եհուդի Մենուհինի անվան դպրոցում սովորել է Մելիսսա Ֆելփսի մոտ, իսկ Guildhall School of Music and Drama-ում`Օլեգ Կոգանի ղեկավարությամբ: Հանդես է եկել  Վիեննայի Konzerthaus-ում և Լինցի Bruchnerhaus-ում` Վիեննայի կամերային նվագախմբի հետ, Լոնդոնում` London Mozart Players-ի և Philharmonia Orchestra-ի հետ, ինչպես և Orchestre de la Suisse Romande, Բելգիայի Royal National Orchestra, Les Solistes Europռens de Luxembourg-ի գալա համերգում, որը ղեկավարում էր Եհուդի Մենուհինը: Ներկայումս Ա.Չաուշյանը  Կիպրոսի Pharos Chamber Music Festival -ի և Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ա.Չաուշյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: Համագործակցել է Լևոն Չիլինկիրյանի, Պավել Վերնիկովի, Յուրի Բաշմետի, Դիմուտ Պոպպենի, Էմանուել Պայուի, Յուլիա Ֆիշերի,  իր մշտական կամերային գործընկերներ Էշլի Վոսի, Եվգենի Սուդբինի և այլ անվանի երաժիշտների հետ: BIS ֆիրմայում թողարկել է «Հայկական ռապսոդիա» CD-ն` Ա.Չաուշյանի և ՀԱՖՆ-ի կատարմամբ (The Independent թերթն այս ձայնագրությունը անվանել է «շաբաթվա ալբոմ»):

Ազգային Ֆիլհարմոնիկի այս տարվա առաքելությունն ու գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում հայ ժողովրդի մեկդարյա բաց վերքի՝ Հայկական հարցի հանրայնացումը, ցեղասպանված  հայության հիշատակի ոգեկոչումը  աշխարհով մեկ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նվագախումբը դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո ապրիլի 10-15-ը հյուրախաղերով հանդես կգա Սկանդինավյան երեք երկրներում. ապրիլի 11-ին Տամպերեի (Ֆինլանդիա) համանուն  համերգասրահում, ապրիլի 12-ին` Կոպենհագենում (Դանիա)՝ Դանիայի Ռադիոյի համերգասրահում, ապրիլի 13-ին` Օլբորգի (Դանիա) Մյուզիքենս Հուսում և ապրիլի 14-ին` Օսլոյի (Նորվեգիա) Մայր տաճարում: Որպես մենակատարներ հանդես կգան անվանի ջութակահարներ Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) և Հեննինգ Քրագեռուդը (Նորվեգիա), դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա) և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): Կկատարվեն Բեթհովենի, Գրիգի, Չայկովսկու, Շիմանովսկու և Խաչատրյանի ստեղծագործություններից: Հյուրախաղերը կիրականանան Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության, ինչպես նաև Դանիայի և Նորվեգիայի հայաստանյան դեսպանության աջակցությամբ:

Իսկ ապրիլի 9-ին՝ ժամը 19-ին, կրկին Օպերային թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդրին Ֆիլհարմոնիկը կներկայացնի ճանաչված դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի մասնակցությամբ Նորվեգիայում կայանալիք համերգային ծրագիրը՝ կատարելով հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Գրիգի Դաշնամուրի կոնցերտը և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:

 

Բանախոսներ`

Ալան Ալթինօղլու` դիրիժոր (Ֆրանսիա)

Էդուարդ Թոփչյան՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

Ալեքսանդր Չաուշյան՝ թավջութակահար (Մեծ Բրիտանիա)

Ռուզաննա Սիրունյան՝  ՀԱՖՆ-ի տնօրեն
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Մամլո կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930