Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը՝ իր նոր զեկույցի մասին. «Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում»

Ապրիլ 02,2015 15:44

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» քննարկմանը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա խոստովանեց, որ 4 տարվա պաշտոնավարման ընթացքում սա առաջին կուսակցական քննարկումն է, որին ինքը մասնակցում է. «Այնպիսի մի հարց է սա, որը չունի կուսակցական պատկանելություն, սա վերկուսակցական խնդիր է: Կարող են լինել մարդիկ, որ ասեն, թե ի՞նչ կապ ունի ՄԻՊ-ը միջազգային խնդիրների հետ, միջազգային ճանաչման հետ, բայց մենք այստեղ տեսնում ենք մարդու իրավունքների լրջագույն խախտում: Խախտում՝ ՀՀ ամեն քաղաքացու: Այս հարցը նույնպես վերաբերում է իմ սահմանադրական մանդատին»:

Օմբուդսմենն ասաց, որ այս տարվա զեկույցն արդեն պատրաստել են, մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ պետական մարմիններին, առաջիկա օրերին կհրապարակվի. «Իմ տարեկան զեկույցում ուսումնասիրել ենք պետական 25 մարմնի գործունեություն, տասնյակ առանձին խնդիրներ, հարյուրավոր խախտումներ եւ բողոքներ: Դուրս ենք բերել 167 համակարգային խնդիր, որոնք վերաբերում են հազարավոր մարդկանց խախտված իրավունքների մասին: Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում: Դա ՀՀ բոլոր բնակիչների սեփականության եւ իրավունքի հարցն է, որը խախտվել է կոպտագույն ձեւով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրավական ճանաչման մերժման ճանապարհով»:

Ուստի ՄԻՊ-ը այս տարվա տարեկան զեկույցի նախաբանը նվիրել է այդ կոպտագույն խախտմանը: Նա ասաց, որ մասնագետ չէ, կան փորձագետներ, որոնք նեղ ուսումնասիրություններ են արել, բայց ինքն էլ իր զեկույցում որոշակի անդրադարձ է կատարել. «Թուրքիայի կողմից սպանվել է մոտ 2.5 մլն հայ: Հայ բնակչությունը ֆիզիկական եւ հոգեկան տանջանքների է ենթարկվել, միլիոնավոր հայեր հարկադրաբար տեղահանվել են եւ զրկվել նվազագույն կենսապայմաններից, տանջամահ արվել: Մեծ եղեռնի հետևանքով միլիոնավոր հայեր զրկվել են իրենք ունեցվածքից եւ բնակություն հաստատել ամբողջ աշխարհում, հուշարձանները քանդվել են, եկեղեցիները ոչնչացվել կամ վերածվել մզկիթների, ձեռագրերը ոչնչացվել են: Փարիզի խաղաղության կոնֆերանսում հաստատվել է, որ միայն 1914-1918թթ-ին հայերին պատճառվել է մոտ 20 մլրդ ֆրանկի վնաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930