Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա երկու տարով երկարաձգել անալոգային արտոնագրերի գործողության ժամկետը և գտնել խնդրի լուծման ավելի լավ տարբերակ: Կառավարությունն ընդունելի է համարում թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ., սակայն քննարկման ենթակա՝ ծագող ֆինանսական հարցերը: Առաջիկայում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ բացի խնամակալից, ընտանիքի անդամից կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունից գործունակության վերականգնման համար կարող են դատարան դիմել ինչպես քաղաքացին, այնպես էլ նրա փաստաբանը: Սկզբունքորեն չառարկելով ներկայացված առաջարկությանը, կառավարությունը, խնդրի ամբողջական կարգավորման նպատակով, նույնպես մի քանի դրույթ է առաջարկել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների օրինագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել է հետեւողական լինել, որպեսզի Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ժամանակ կառավարության առաջարկներն ու կարծիքն անպայման հաշվի առնվեն:
Նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով իր առաջարկած լրացումների նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի ընդունումը և հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Նիստում քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելու դեպքում, ըստ հեղինակների, կպաշտպանվեն քաղաքացիների շահերը, կամրապնդվի ազգային արժույթը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին, քանի որ առաջարկվող քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր:
Կարդացեք նաև
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ