Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են 2,6 մետրանոց դիտակի արդիականացման աշխատանքները

Ապրիլ 02,2015 14:50

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2014թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2014թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:

Իր ելույթում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը մասնավորապես նշեց. «Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են 2,6 մետրանոց դիտակի հայելապատման և կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները:

2014 թ.  հունվարին Դիժոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` նվիրված ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից ղեկավարվող Եվրոպական Միության 7-րդ Շրջանակային ծրագրի N295025-IPERA  նախագծի ընթացքի քննարկմանը, առաջին հայ-ֆրանսիական IRMAS միացյալ միջազգային լաբորատորիայի առաջին քառամյա փուլի ամփոփմանը,  ՀՀ  և  ԵՄ  գիտական  կապերի  զարգացմանը: Սեպտեմբերին կազմակերպվել և մեծ հաջողությամբ անցկացվել է QuantArm-2014 հեղինակավոր գիտաժողովը` արտերկրի 40 առաջատար գիտնականների մասնակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի CERN-ի INTELUM նախագծին  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի մասնակցության վերաբերյալ:

Հունվարից սկսել է գործել նոր գիտական կառույց` Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոն (ICRANet-Yerevan), որն իրականացնում է հետազոտություններ տեսական, աստղամասնիկային և բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում:

Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 10 արտոնագիր, գիտաշխատողները տպագրել են 212 հոդված, որոնցից 143-ը` արտասահմանում, 99 թեզիս, 6 մենագրություն:

Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» («Ֆիզիկայի հայկական հանդես», էլեկտրոնային)  ամսագրերը»:

Բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին գիտական զեկույցներ`

1.         «Չերենկովի մթնոլորտային հեռադիտակներով պատկերների ձևավորման միջոցով գերբարձր էներգիայի գամմաճառագայթների աստղաֆիզիկայի տեխնիկական միջոցները և վերջին նվաճումները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռազմիկ Միրզոյան (Գերմանիա)

2.         «Աշտարակյան ճանապարհը դեպի միկրոալիքներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Քեյջին Լի (Կորեա)

3.         «Նյութի առավել խիտ ձևերը մեր տիեզերքում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյան (Գերմանիա)

4.         «Բարձրլեռնային պայմաններում հիմնական օդերևութաբանական պարամետրերի օրական վարքում արեգակնային երկրամագնիսական ակտիվության գործոնների ներդրման ապացույցները և եղանակի կառավարման  հեռանկարները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ս.Վ.Ավակյան (ՌԴ)

5.         «Հազվագյուտ հողային հեքսաբորիդների մատրիցան և մանրաթելերը. հատկությունները և կիրառությունը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պատրիկ Սուքիասյան (Ֆրանսիա)

6.         «Փոփոխականությունն ակտիվ գալակտիկաների միջուկներում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վարուժան Գորջյան (ԱՄՆ)

7.         «Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի փորձարկում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Խոջամիրյան (Գերմանիա)

8.         «Հեռուստատեսային պատկերների ձևավորման ակուստաօպտիկական լազերային պրոյեկցիոն համակարգեր», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Մ.Հ.Ղազարյան (ՌԴ):

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոնը  և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 13 ակադեմիկոս, 14 թղթակից և 30 արտասահմանյան անդամներ:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930