Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորի սպանված եղբոր կնոջը պահանջը Գևորգ Կոստանյանից ու Աղվան Հովսեփյանից

Ապրիլ 02,2015 14:13

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր կինը՝ Նելլի Օհանյանը, որի ամուսնուն՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ, վրդովված է , որ սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանին ազատ են արձակել: Ոչ միայն փոխել են նրա խափանման միջոցը, ստորագրություն են վերցրել երկրից չհեռանալու մասին, այլ վերաորակավորել են նրան առաջադրված մեղադրանքը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանշներով առաջադրված մեղադրանքը օրերս փոխվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով: Այսինքն` դիտավորյալ սպանությունը վերորակավորվել է որպես հոգեբանական աֆեկտի, «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն»: Հիշեցնենք, որ Արման Կատունյանը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր:

Նելլի Օհանյանը, բաց նամակ է հղել Aravot.am-ին, որը ուղղված է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև

 Հարգելի պարոն գլխավոր դատախազ,                                                          

 Հարգելի պարոն ՔԿ նախագահ,    
Դիմում եմ Ձեզ որպես պետական այրերի, ում մեր երկրի Սահմանա­դրու­թյունը վերապահել է կարևոր դերակատարություն քաղաքացիների իրավական պաշտպա­նության, ապահովման գործում: Ուզում եմ հավատալ, որ Դուք անհաշտ թշնամին եք Ձեր ոլորտներում ամեն տեսակ կամայականությունների ու զոռ­բա­յու­թյունների, ծանոթ-բարեկամական կապերի ու միջնորդությունների, անօրի­նու­թյուն­ների ու անարդարությունների: Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ կարձագանքեք իմ ցավին, կօգնեք, որ վերականգնվի արդարությունն ու ճշմարտությունը, որն անխղճո­րեն ոտնատակ է արվում հենց իրավապահ մարմինների կողմից:

Յոթ ամիս առաջ Գյումրու զինվորական ոստիկանության աշխատակցի` Արման Կատունյանի արձակած կրակոցներից դաժանորեն սպանվեց ամուսինս` Հարություն Գրիգորյանը` թողնելով մեզ անսահման վշտի ու ծանր հոգեվիճակի մեջ: Դիտավորյալ սպանության փաստն ակնհայտ էր. մարդասպանը հոգացել էր քաղաքից հեռացնել իր կնոջն ու երեխաներին, որոշել իր փախուստի ճանապարհը, զինվել ապօրինի զենքով /ոչ իր տաբելային/, զանգահարել ամուսնուս, կանչել հանդիպման, նրան հանիրավի մեղադրել իր կնոջը հետապնդելու մեջ, անողոքաբար սպանել բազմաթիվ կրակոցներով ու թողնելով ամայի վայրում` դիմել փախուստի: Սակայն Թուրքիա ընկնել չէր հասցրել, որովհետև մեր իրավապահների օպերատիվ գործողությունների շնորհիվ շուտով ձերբակալվել էր:

Մեզ համակած ծանրագույն վշտի մեջ չհասկացանք, թե ինչպես շատ արագ ձեր­բա­կալությունը վերաձևակերպվեց, իբր թե մարդասպանը հանձնվել էր իր կամքով, ապա սպանության պատճառ համարվեց իբր թե ամուսնուս կողմից նրա կնոջն հե­տապնդելը, մինչդեռ բազմաթիվ փաստեր վկայում են հակառակը՝ նրանց փոխադարձ մտերմությունը:

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ ամենամեծ աչքա­կա­պությունը. քննիչ­ների ջանքերով դիտավորյալ սպանության մեղադրանքը հան­վեց, վերա­որա­կավորվեց իբրև աֆեկտի ազդեցության տակ կատարված արարք, և ըն­դամենը յոթ ամիս կալանավայրում անցկացրած մար­դասպանը հանրա­պե­տու­թյունից չբացա­կայելու ստորագրությամբ օրերս ազատվեց կալանքից: Միանգամայն հաս­կանալի է, որ այս բոլոր անօրինությունների տրամաբանական ավարտը կլինի արդար պատժից նրա լիովին խուսափելը, ինչը հաջողությամբ սարքվում է:

Ես անողոք ու դաժան պատժի կողմնակից չեմ, ես արդարացի պատիժն եմ ուզում այն մարդու, որը դիտավորյալ ուրիշի կյանք է խլել, մի ողջ ընտանիք թողել ծանր վշտի ու անորոշության մեջ: Հավատացած եմ, որ ոստիկանության աշ­խատակիցը կարող էր իր կնոջն իբր թե չորս տարի անընդհատ անհանգստացնող ամուսնուս «ոտնձգությունները» հեշտորեն կանխել հենց իրավապահ մարմինների օգնությամբ, օրինական և ո’չ թե ծանր հանցագործության ճանապարհով` այն էլ` ապօրինի զենքի գոր­ծադրմամբ: Ուրեմն հույս է ունեցել, որ թեթև կպրծնի: Ու հիմա ակնհայտ է դառնում, որ նրան իրոք օգնում են շատ թեթև պրծնել կատարվածից:

Հարգելի պարոներ, Դուք փորձառու իրավաբաններ եք, ես հավատում եմ Ձեր արդարամտությանը: Կատարվածը բացառապես դիտավորյալ սպանություն է, այն աֆեկտի տակ կլիներ, եթե Կատունյանը ամուսնուս իր կնոջ հետ պատահաբար բռնացներ իր ննջարանում, իր անկողնու մեջ կամ այլ վայրում: Մինչդեռ նա տարիներ շարունակ իմացել է նրանց փոխադարձ մտերմության /ոչ ամուսնուս հետա­պնդումների/ մասին, իսկ թաղում, որտեղ ապրում են մեր երկու ընտանիքները, բոլորը գիտեն Կաթունյանի կնոջ վարքը: Ինչ աֆեկտի մասին է խոսքը:

Ես զինվորի մայր եմ, որի սիրելի հորը գազանաբար սպանել է ոչ թուրքը, այլ իր հավատակիցը: Որդիս թշնամուց այսօր պաշտպանում է սահմանները հայրենիքի, որտեղ արդեն վաղը ազատ ու անպատիժ ման է գալու նրա հոր կյանքն այնքան վայրագորեն խլած մարդասպանը: Սա՞ է արդա­րությունը:

Հարգարժան ղեկավար այրեր, ես հայցում եմ գործին Ձեր արդարացի միջա­մտու­թյունը` որը կկան­խի կատարվող անօրինությունը, ու մարդասպանը ոչ թե կշրջի ազատության մեջ, այլ կստանա արժանի պատիժ:

Հավատով, որ կհաղթի օրինականությունը՝  

                                                                                                                                  սպանվածի այրի Նելլի Օհանյան        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930