Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝ Հիմնադիր խորհրդարանն «ազգադավությամբ» է զբաղված

Ապրիլ 02,2015 13:54

«Ընդդիմության դաշտում պայքար է առաջին տեղի համար: Ես ցանկանում եմ, որ հաղթի այն ուժը կամ միավորումը, որն իրեն կդրսեւորի իբրեւ կառուցողական ընդդիմություն»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Կառուցողական ընդդիմությունն, ըստ պատգամավորի, պետության հիմնաքարն է, բայց. «Ցավոք, հայտնվել են մարդիկ, ովքեր ազգադավությամբ են զբաղվում`փորձելով ստվերել ապրիլի 24-ի խորհուրդը: Այս անվան տակ քաղաքական դավեր նյութելը դավաճանություն է»: Սուքիաս Ավետիսյանը նկատի ուներ Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հիմնաիր խորհրդարանին»:

ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց բոլոր ուժերին` համախմբվել, որպեսզի ապրիլի 24-ին աշխարհին, առաջադեմ մարդկությանը ստիպենք խոստովանել`Ցեղասպանություն եղել է եւ դրա չճանաչումը բերում է անպատժելիության ու կրկնության:

Լրագրողներից մեկը նկատեց, որ իշխանական դաշտում էլ վերադասավորումներ են ընթանում: Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց. «Իշխանությունը քարացած կառույց չէ, դինամիկ կառույց է ու բնական է, որ պետք է փոփոխություններ, տարակարծություններ լինեն»:

Ինչ վերաբերվում է նրան, որ ստուգումներ են ընթանում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող օբյեկտներում, պատգամավորն ասաց.«Զարմանում եմ, որ լրատվամիջոցներն այդքան շատ են ուշադրություն դարձնում: Դա սովորական բան է: Ի՞նչ է նշանակում, որ եթե իշխանության ներկայացուցիչ է`նրա մոտ ստուգումներ չպիտի՞ լինեն: Դա սովորական գործընթաց է»:

Հիշեցնենք հարկայինն արդեն ստուգումներ է իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ 60 միլիոն դրամի տուգանք է նշանակել, 1,5 միլիոն դոլարի տուգանք նշանակվել է Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանում: ՀՀԿ-ական պատգամավորները տուգանքների չափի հետ կապված հայցեր են ներկայացրել: Ստուգումներ են ընթանում նաեւ ՀՀԿ-ական մյուս Հակոբ Հակոբյանին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ում եւ Գարեգին Նուշիկյանին պատկանող սեփականություններում:

Aravot.am-ի հարցին`բյուջեն արագ լցնելու խնդի՞ր կա, որ նման մեծ չափերի տուգանքներ են նշանակվել, Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց: Ասաց, որ նման խնդիր չկա, բյուջեն հաստատվելիս պլանավորվել է ու որեւէ տեղ գրված չէ, որ որոշակի օբյեկտների տուգանքների հաշվին պետք է բյուջեում մուտքեր ապահովել. «Հարկայինը տուգանել է, օրենքն էլ թույլ է տալիս վիճարկել դատական կարգով: Նորմալ գործընթաց է»:

Լրագրողները հետաքրքրվեցին`այլ ՀՀԿ-ականների սեփականություններում ստուգումներ լինելո՞ւ են: Օրինակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող: «Ես որքան գիտեմ, նախորդ տարի Սամվել Ալեքսանյանի որոշ օբյեկտներ էլ են ստուգվել, այդ ինֆորմացիան էլ մամուլում եղել է»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930