Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմն ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների մոտ

Ապրիլ 02,2015 13:28

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Աշխարհում ամեն հազար մարդուց երկուսը ծնվում է աուտիզմով։ Աուտիզմը բավականին բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի մոտ կյանքի առաջին երեք տարիների ընթացքում եւ որը համարվում է նյարդաբանական խանգարում։ Աուտիզմը 4,5 անգամ ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների։

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թեմայի շուրջ ասուլիսին կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ աուտիզմի մասին մինչ օրս շատ բան հայտնի չէ, լիարժեք կարգավորման որոշակի մոտեցումներ հայտնի չեն, որոնցով հնարավոր կլինի այն բուժել. «Չկա աուտիզմի բացատրություն, թե ինչու է այն առաջանում եւ չի կարելի ասել, որ որեւէ մեկն ապահովագրված է աուտիկ երեխաներ ունենալուց»։

Ըստ բանախոսի՝ կա կարծիք, որ աուտիկները օժտվածություն ունեցող մարդիկ են, որը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Աուտիզմ ունեցող մարդիկ կարող են մի առարկայով լինեն տարված, լավ ցուցանիշներ գրանցեն, իսկ մյուսների դեպքում արդյունք չեն տալիս։ Կա աուտիզմի մի տեսակ, որի դեպքում երեխաներն ունեն որոշակի հետաքրքրություն, կարող են դառնալ շատ լուրջ մասնագետներ՝ սկսած նավաշինարարից մինչեւ աստղագետ։Աուտիզմի դեպքում լուրջ սոցիալիզացիայի խնդիրներ կան, նրանց աշխարհընկալումը տարբերվում է մեր աշխարհընկալումից»։ Հոգեբանը վստահեցնում է, որ աուտիկների մոտ ամենակարեւոր խնդիրը սոցիալիզացիայի խնդիրն է, նպատակն է բերել սոցիալիզացիայի եւ որոշակի հավասարակշիռ վիճակի։

Միհրդատ Մադաթյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանում կան կենտրոններ, որտեղ զբաղվում են աուտիկների հետ, նաեւ կան հատուկ դպրոցներ, որոնք զբաղվում են աուտիկների ծնողների հետ, քանի որ աուտիկ երեխայի ծնողն արդեն սթրես է տանում, իսկ աուտիկի կազդուրման դեպքում շատ մեծ դեր է խաղում ընտանիքը եւ ծնողը. «Պետք է երեխային ընկալել այնպիսին, ինչպիսին ինքը կա»։

Հայկական հասարակությունը, ըստ բանախոսի, դեռեւս նոր է սկսում պատրաստվել որեւէ խնդիր ունեցող մարդկանց իրենց մեջ ներառելուն. «Խոսքը վերաբերում է ոչ միայն աուտիկներին։ Դեռեւս նոր են սկսում քաղաքային տրանսպորտում, խանութներում հաշմանդամների համար հարմարություններ ստեղծել, հասարակությունը մերժում է նրանց, ովքեր իրենց նման չեն, սակայն պետք է հասկանալ, որ նրանք նույնպես մեր հասարակության մի մասն են»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930