Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արշակ Սրբազանը վարչապետին հորդորեց մեռելոցները թողնել

Ապրիլ 02,2015 13:10

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ ապրիլի 6-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 11-ին: Միաժամանակ պարոն Հարությունյանն ասաց, որ տնտեսական ոլորտի, մասնավորապես՝ մասնավոր ընկերություններ դժգոհություններ են ներկայացրել, որ մեր երկրում ոչ աշխատանքային օրերը շատ են, ինչը վնասում է նրանց բիզնեսին: «Տնտեսական այս պայմաններում նրանք ասում են, որ վնասներ են կրում»,-ասաց պարոն Հարությունյանը:

Նիստը վարող վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց՝ քանի որ հունվարից անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, իսկ նրանք շաբաթ-կիրակի չեն աշխատում, երկուշաբթի են աշխատում, իսկ մենք չենք աշխատում, այս դեպքում էլ տնտեսական վնասներ կունենանք:

Հովիկ Աբրահամյանը ամբիոնի մոտ հրավիրեց հոգեւորական՝  Արշակ սրբազանին, որպեսզի լսի Եկեղեցու տեսակետը:

«Ողջերի հետ առնչվող հարցերը սպառեցինք, հիմա ննջեցյալների հարցերին ձեռնամուխ կլինենք»,-ասաց Արշակ սրբազանը: Նրա խոսքերով. «Ննջեցյալները նույնքան ողջ են որքան կենդանի մարդիկ: 2008 -ից, կառավարությունը հիմնվելով խղճի ազատության օրենքի վրա, տաղավար տոներին հաջորդող օրերը սահմանել է մեռելոց, մարդկանց հնարավորություն տալով այցելել ննջեցյալների շիրիմներին, մինչեւ այսօր անխափան կերպով գործել է: Չեմ անդրադառնում այն առարկություններին որոնք գոյություն ունեն: Այլ երկրների համեմատ մեր երկրի տոնացույցը ծանրաբեռնված է ոչ աշխատանքային օրերով, բայց պետք է դրանք չլինեն ննջեցյալների հաշվին»:

Հոգեւորականը պատմական անցում կատարեց եւ օրինակ բերեց, որ, անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորություն է ընձեռվել երեք օր ազատել ծառայությունից:

Նա օրինակ բերեց նաեւ Երեւանի խանին, որը բացառություն է արել եկեղեցական տոներին: Արշակ սրբազանը չբացառեց, որ մեռելոցների դեմ հասարակության որոշ շրջանակների կողմից հրահրվող արշավ է սկսվել: Նրա խոսքերով, վերջին մարդահամարի տվյալներով, մեր բնակչության 96 տոկոսը հայտնել է, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, ուստի սրբազանի կարծիքով հենց նրանց կարծիքը պետք է հարցնել:

Ի պատասխան վարչապետն ասաց, որ եթե նույնիսկ աշխատանքային օր լինի մեռելոցը, ապա ոչ մի պաշտոնյա խոչընդոտ չի հանդիսանա, որ ննջեցյալ ունեցող աշխատակիցը գնա գերեզման:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրեն դիմել են նաեւ Այ-Թի ոլորտի աշխատակիցները, որպեսզի մեռելոցներին լինեն աշխատանքային օրեր:

Վարչապետն ասաց, որ հարցը կքննարկեն եւ որից հետո միայն որոշում կկայացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930