Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանն այդպես էլ դուրս չեկավ հանդիպելու ՀՅԴ երիտասարդներին (Տեսանյութ) 

Ապրիլ 02,2015 12:51

«2015թ-ի ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է: Հարյուրամյակի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին»,-Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանն այսպիսի բովանդակությամբ պահանջագիր հանձնեցին:

Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներում տեղակայված` Մեծ Բրիտանիայի դեսպանատներին նույնաբովանդակ պահանջագրեր հանձնվեցին: Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ անցկացվեց երիտասարդական-ուսանողական ցույց։

Դաշնակցական երիտասարդների պահանջագիրը վերցնելու իջավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը: Նա պատճառաբանեց, թե դեսպանը հանդիպման է, դրա համար չէր կարող անձամբ վերցնել պահանջագիրը: Բայց խոստացավ, որ փաստաթուղթն անպայման կհանձնի դեսպանին և նա կփոխանցի Բրիտանիայի կառավարությանը: Սա չբավարարեց դաշնակցական երիտասարդներին և որակվեց որպես Բրիտանիայի՝ խուսափողական քաղաքականության դրսևորում:

hYD_eritasard_1 hYD_eritasard_4 hYD_eritasard_5 hYD_eritasard_2

Որպես բողոքի արտահայտություն՝ ՀՅԴ-ական երիտասարդները դեսպանատան մուտքի դռան առաջ նստեցին գետնին, փակեցին բերանները, ականջներն ու աչքերը: Այնուհետև շարունակեցին կոչերը, թե իրենց չի բավարարում Բրիտանիայի վարած խուսափողական քաղաքականությունը և դաշնակցական երիտասարդը տեր է իր պահանջներին:

Այդպես էլ դեսպանը չիջավ ու չհանդիպեց երիտասարդներին:

Նշենք, որ նման պահանջագրեր են հանձնվել աշխարհի 17 երկրներում: Պահանջագիրն ավարտվում է կոչով. «Կոչ ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915-ի մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում են նրանց հիշատակը: Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանությունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն ցեղասպանության ժխտումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930